Հայաստանում բավական մեծ թիվ են կազմում չգրանցված դեղերը, եւ դա հիմնականում պայմանավորված է արտադրող ընկերությունների համար հայկական շուկայի ոչ գրավիչ լինելով: Այս մասին դեկտեմբերի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը:

Դա հատկապես վերաբերում է հազվադեպ հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղերին, երբ այդ դեղի կարիքը կարող է տարեկան 3-4 անգամ լինել: Նման դեպքերում ընկերություններին ձեռնտու չէ Հայաստանում իրենց դեղամիջոցները գրանցելու համար մեծ գումարներ ծախսել, նշեց նա: Բայց դրա հետ մեկտեղ այդ դեղերը կարող են նմանօրինակներ չունենալ:

«Այսպիսի դեպքերի համար մենք նախկինում կառավարությանն առաջարկել ենք, որ ինքը ստանձնի այն դեղերի գրանցումը, որոնք այս խմբի մեջ են, եւ տնտեսվարող սուբյեկտներին ձեռնտու չէ դրանց գրանցումն ու ներմուծումը, սակայն ցանկալի է, որ դրանք Հայաստանում լինեն»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե «Դեղերի մասին» նոր օրենքը որքանով կնպաստի Հայաստանում դեղերի գների նվազմանը՝ Սամվել Զաքարյանը նշեց, որ օրենքը կարգավորում է դեղերի գրանցման, ներմուծման կամ արտադրության հարցերը, բայց չի կարգավորում բիզնես միջավայրը կամ հավասար մրցակցության հարցերը: Ինչ վերաբերում է դեղերի գների պետական կարգավորմանը, ապա դա, նրա խոսքով, առնչվում է միայն պետգնմանը, իսկ մնացած գների վրա չի կարող ներգործել:

«Գների կարգավորման դրույթն առնչվում է դեղերի պետգնմանը, եւ այդ դեղերի համար պետությունը գների որոշակի առաստաղ կսահմանի: Սակայն պետությունը չի կարող ամբողջ շուկայում գները կարգավորել»,- ասաց նա:

Հայաստանում դեղերի գների թանկացման հանգեցնող պատճառների թվում Սամվել Զաքարյանը երկու հիմնական պատճառ նշեց՝ դեղերի ԱԱՀ-ը եւ այն, որ հայկական շուկան չի գրավում խոշոր արտադրող ընկերություններին: Իսկ չի գրավում փոքր ծավալների եւ ցածր գնողունակության պատճառով, նաեւ այստեղ գոյություն ունեցող ռիսկերի պատճառով: «Ինչ է նշանակում ռիսկե՞ր: Մշտապես փոփոխվող օրենսդրություն, անհասկանալի պահանջներ, պաշտոնական տեղեկության հրապարակում այն մասին, որ ինչ-որ ընկերություն տուգանվել է ինչ-որ դեղի համար»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ համանման չմտածված հաղորդագրության պատճառով Հայաստանի շուկան լքել է դեղ արտադրող այնպիսի ընկերություն, ինչպիսին Astra Zeneca-ն էր, ըստ որում՝ ընկերությունը ոչ միայն փակել է Հայաստանում իր ներկայացուցչությունը, այլեւ չեղարկել է 23 անուն դեղերի գրանցումը, որոնց մի մասը նմանօրինակներ չունի: