Քաղցկեղից մահացության մակարդակը հետագա 20 տարիների ընթացքում կնվազի մոտ 15 տոկոսով, որը կազմում է 400 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Cancer Researchը։
Մեծ Բրիտանիայում 2014 թվականին յուրաքանչյուր 100 հազար մարդուց օնկոլոգիական հիվանդություններից մահացել է 331 մարդ։ 2035 թվականին այս ցուցանիշը կնվազի մինչեւ 280 մարդ՝ յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվարկով։ Նման նվազումը մեծապես կապված է հայտնաբերման, ախտորոշման եւ բուժման լավացման հետ։ Գիտնականների կարծիքով՝ առանց հետազոտությունների այս ձեռքբերումների քաղցկեղից մահացության ցուցանիշները կշարունակեին աճել։
Cancer Research-ի գլխավոր բժիշկ Փիթեր Ջոնսոնը հայտնում է, որ քաղցկեղի բուժման ակցիաները հիվանդներին եւ նրանց հարազատներին վիթխարի էմոցիոնալ եւ հոգեբանական աջակցություն են ցուցաբերում։ Վերջին տարիների ընթացքում հետազոտողները պարզել են, թե քաղցկեղն ինչպես է օրգանիզմում տարածվում եւ մոտ են դրա առաջացման պատճառները հայտնաբերելուն։
Նախնական կանխատեսումներով՝ աղիների քաղցկեղը հետագա 20 տարիների ընթացքում կկրճատվի 20 տոկոսով, որը 100 հազար մարդու հաշվարկով գրեթե 25 մահվան դեպքի է հավասար։ Չնայած լավ նորություններին, կազմակերպությունը նախազգուշացնում է, որ քաղցկեղի մյուս տեսակներից մահացության ցուցանիշներում փոփոխությունները դեռեւս չափազանց քիչ են։
Օրինակ՝ 100 հազար մարդուց միայն 3 մարդ է ողջ մնում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման դեպքում։ Ուշագրավ է, որ այս ցուցանիշը վերջին մի քանի տարիներին անփոփոխ է մնում։ Դրա հետ մեկտեղ, հետագա 20 տարիների ընթացքում անփոփոխ կմնա նաեւ ուղեղի քաղցկեղից մահացության թիվը․ 5 հիվանդից ողջ կմնա մեկը։






