Համընդհանուր բժշկական ապահովագրությունը այլ հարցերի հետ կլուծի նաեւ Հայաստանում դեղերի թանկության խնդիրը, կարծում է Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը։
NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ոչ ոք չի կարող ավելի լավ պարզել դեղերի օպտիմալ գինը, քան ապահովագրական ընկերությունը։ Սամվել Զաքարյանի խոսքով՝ չնայած նրան, որ շատ զարգացած երկրներում բժշկական ծառայությունները շատ թանկ արժեն, մարդիկ դա առանձնապես չեն զգում, քանի որ վճարում են ապահովագրական ընկերությունները, որոնք մանրամասն գնահատում են ծառայությունների եւ դեղերի արժեքները։
«Լավագույն ինքնարժեքի հաշվարկն ու շուկայի կարգավորումը կարող են անել հենց ապահովագրական կազմակերպությունները։ Ու վաղուց արդեն ժամանակն է բժշկական ապահովագրություն ունենալը, որի մեջ նաեւ դեղերը կլինեն», – ասաց նա։
ԴԱՆ միության ղեկավարը նշեց, որ անհասկանալի է, թե ինչու է համընդհանուր բժշկական ապահովագրությունը Հայաստանում հետաձգվում, եւ հավելեց, որ առողջապահության նախարարի պաշտոնում ապահովագրական ընկերության ղեկավարի նշանակելը հույս է ներշնչում, որ կդրվի այդ համակարգի կառուցման հիմքը, եւ դա լրջագույն բարեփոխող քայլ կլինի։
Ինչ վերաբերում է ապահովագրման կոնկրետ մեխանիզմներին, ապա Սամվել Զաքարյանի խոսքով, եթե մարդն աշխատում է, նրա գործատուն կարող է պայմանգիր կնքել ապահովագրական ընկերության հետ արտոնյալ պայմաններով։ Ընդ որում, պետք է լինի ծառայությունների նվազագույն փաթեթ, իսկ եթե մարդն ուզում է ծառայությունների ավելի լայն սպեկտր, ապա նա պետք է դրա համար հավելյալ վճարի։ Եթե մարդը չի աշխատում, նրան նվազագույն փաթեթը պետք է տրամադրի պետությունը։
«Համակարգը ստեղծելու համար նոր հեծանիվ պետք չէ հորինել, ուղղակի պետք է ուսումնասիրել Հայաստանի նման երկրների լավագույն փորձը, հայաֆիկացնել այն եւ փորձել անել առաջին քայլերը, հասկանալով, որ ընթացքում որոշ բաներ շտկման կարիք կունենան։ Բայց որ ժամանակն է դա ունենալու, եւ դեռ մի բան էլ ուշացել ենք, միանշանակ է», – ասաց նա։
Վերադառնալով դեղերի արժեքի մասին հարցին՝ նա նշեց, որ ապահովագրական բժշկությունը կմեծացնի շուկայում մրցակցությունը, եւ դա կհանգեցնի դեղերի գնի նվազմանը։
«Պահանջել բիզնես անող մարդուց, որ դեղերդ էժան ծախի, ինչպես նախկին նախարարն էր անում... Բառ էր հնարել, «հորդորում եմ»... Հորդորում եմ ներմուծողներին, որ ավելի էժան ծախեն էն դեղը, որ իրանք արդեն թանկ են առել, ու ինչ որ հավելագնով էլ մտադիր են վաճառելու։ Դա աբսուրդ է՝ կապիտալիստական երկրում բիզնես անող մարդուն ասել ապրանքդ ավելի էժան ծախի։ Կապիտալիստական երկրում միայն շուկան կարող է կարգավորել գները։ Միայն մրցակցությունը կարող է ապահովել գների իջեցումը, եւ դրա համար էլ լավագույն գործիքներից մեկը զուգահեռ ներմուծումն է, մյուսը՝ բժշկական ապահովագրությունը», – եզրափակեց նա։






