Պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայություններն առավել հասանելի ու մատչելի կլինեն, իսկ որակը եւ բարձր արդյունավետությունը տեսանելի կլինեն արդեն հաջորդ տարվանից, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության հայեցակարգը եւ հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը», որտեղ առաջին անգամ գնահատվել է առողջապահական համակարգում պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման ներդրման առկա վիճակը:

Պալիատիվ բժշկական օգնության ծառայությունը մեր երկրի համար սոցիալական, առողջապահական եւ ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունի: Ըստ վիճակագրական տվյալների վերլուծության` հանրապետությունում օրական շուրջ 3000 հիվանդ ունենում է պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների կարիք, այդ թվում այնպիսի տեսակների, ինչպիսիք են` քիմիաթերապիան, ճառագայթային բուժումը, ցավի համախտանիշով տառապող քրոնիկ եւ անբուժելի հիվանդների ամոքիչ բուժումն ու ցավազրկումը:

Առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման իրական պահանջարկը գնահատելու եւ հետագայում ներդնելու նպատակով վերջին երեք տարվա ընթացքում, նաեւ միջազգային փորձագետների մասնակցությամբ, իրականացվել են ուսումնասիրություններ, քննարկումներ, համաժողովներ:

Պալիատիվ խնամքի հիմնական նպատակը մարդկանց կյանքի որակի ապահովումն է, ովքեր անբուժելի, արագ զարգացող հիվանդության վերջնական փուլում են: Այս գործում կարեւոր է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով ամբողջական, համակարգված ծառայությունների մատուցումը, ինչը կմեղմի եւ կօգնի կառավարել հիվանդության վերջնական փուլում գտնվող անձանց ցավը, կնպաստի բացասական ախտանշանների բացահայտմանը` միաժամանակ ցուցաբերելով սոցիալական, հոգեբանական եւ հոգեւոր աջակցություն: