Վորլդ Վիժն Հայաստանը, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, միանալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթվա եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, իրականացնում են հանրային միջոցառում «Հետազոտվի՛ր եւ ապրի՛ր» խորագրի ներքո:
Ընդամենը 20 րոպեների ընթացքում ցանկացողները կարող են հետազոտվել (արյան նմուշը կվերցվի մատից) եւ իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Նախա- եւ հետթեստային խորհրդատվությունը կիրականացվի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից, եւ կապահովվի յուրաքանչյուրի հետազոտության գաղտնիությունը: Նույն օրը երիտասարդների համար կցուցադրի ՄԻԱՎ-ի կանխարգելման թեմայով «Ու՞մ մտքով կանցներ...» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը:
Միջոցառումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, Ռոբերտ Կառռի հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում եւ Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի օժանդակությամբ, «Առաքելություն Արեւելք» մարդասիրական օգնության կազմակերպության եւ այլ գործընկերների աջակցությամբ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորված ծրագիրը նպատակ ունի նվազեցնել միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցումը, ծրագիրը իրականացվում է 2012-2014 թ., 1,217,951 եվրո ֆինանսավորմամբ:
Միջոցառումը նպատակ ունի խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարեւորությունը մեր հասարակությունում եւ փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, մասնավորապես ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը ամոթ չէ: Հակառակը՝ դա կարեւոր է սեփական առողջության մասին հոգալու առումով: Հետազոտությունն անանուն է, անվճար եւ գաղտնի:
Նշենք, որ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ 1988թ. մինչեւ 2013թ. սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1541 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500: Ի դեպ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը անանուն է եւ անվճար: Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին: Այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում եւ հնարավորություն ունեն ապրել երկարատեւ ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք եւ ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է եւ անհրաժեշտության դեպքում բուժման հետեւողականությունը:






