Դանիայի Օրխուսյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ այն մանրէները, որոնք դիմադրում են հակաբիոտիկների ազդեցությանը, ունեն «պալինդրոմներ», որոնք ներդրված են որոշ սպիտակուցների ամինաթթվային հաջորդականության մեջ։ Դրանց վրա ներգործությունը թույլ է տալիս միկրոօրգանիզմներն ավելի խոցելի դարձնել բուժման հանդեպ։

Հակաբիոտիկների կամ օրգանիզմի իմունային համակարգի գործողությանը դիմագրավելու համար մանրէներն ունակ են «քուն մտնել» Այդ մեխանիզմի առանցքային բաղադրիչներից մեկն է հենց բակտերիայի կողմից արտադրվող թույների արտազատումը, որոնք ճնշում են միկրոօրգանիզմերի աճն ու զարգացումը։ Սակայն նորմալ պայմանների դեպքում թույներին միանում են նաեւ հակաթույները, որոնք անջատում են դրանք, դրանով իսկ բակտերիան դարձնելով ակտիվ։

Գիտնականները պարզել են, որ հակաթույներում կան ամինաթթուների պալինդրոմային հաջորդականությունններ։ Այլ կերպ ասած՝ դրանք նույնն են,  թե ձախից աջ թե աջից ձախ կարդալու դեպքում։ Պալինդրոմները օգնում են սպիտակուցին փոխել իրենց կոնֆիգուրացիան այն ձեւով, որ ապաակտիվացնեն թույնի միանգամից երկու մոլեկուլ։ Միկրոօրգանիզմների ավելի քան չորս հազար գենոմների վերլուծությունը ցույց է տվել, որ պալինդրոմներն օգտագործվում են բոլոր հայտնի բակտերիաների մոտ մեկ քառորդի կողմից։

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց ստացած տվյալները կօգնեն ստեղծել նոր սերնդի դեղամիջոցներ, որոնք այնպես կներգործեն պալինդրոմների վրա, որ խոչընդոտեն թույների արտազատումը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ դարձնել հակաբակտերիալ բուժումը։

Դանիացի գիտնականների հոդվածը հրապարակվել է Nucleic Acids Research ամսագրում։