Իսրայելի դեղագործական Teva Pharmaceutical ընկերությունը եւ Ռուսաստանում նրա «դուստր» Teva LLC (Teva Russia) ընկերությունը համաձայնել են ըստ կոռուպցիայի մեղադրանքի արտադատական համաձայնագրով ԱՄՆ-ին 520 մլն դոլար վճարել, հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ երկու ընկերությունները համաձայնել են քրեական մեղադրանքների չեղարկմանը եւ ավելի քան 283 մլն դոլար տուգանք վճարելուն՝ կապված այն սխեմաների հետ, որոնք առնչվել են Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Մեքսիկայում պաշտոնատար անձանց կաշառելուն՝ խախտելով ԱՄՆ-ի Օտարերկրյա կոռուպցիայի մասին օրենքը: Դրանից զատ, Արժեթղթերի եւ շուկաների ամերիկյան հանձնաժողովը հասել է արտադատական առանձին համաձայնության, ըստ որի երկու ընկերությունները 236 մլն դոլարի տուգանք կվճարեն: Այսպիսով, ընդհանուր գումարը կկազմի մոտ 520 մլն դոլար:
ԱՄՆ-ի Օտարերկրյա կոռուպցիայի մասին օրենքի համաձայն՝ երկրի իրավապահ մարմինները կարող են արտասահմանյան ընկերություններին հետապնդել նույնիսկ ԱՄՆ-ի հետ հարաբերություններ չունեցող երրորդ երկրներում կաշառքի համար:
Teva-ն եւ նրա ռուսական ստորաբաժանումը, իրենց հերթին, հայտարարել են, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյային կաշառք են տվել Ռուսաստանի առողջապահության նախարարության պետգնումների շրջանակներում իրենց դեղերի առաջմղմանը օգնելու համար, մասնավորապես՝ ցրված սկլերոզի դեմ դեղամիջոցի՝ կոպակսոնի: Նրանց վկայության համաձայն՝ պաշտոնյան հարստացել է 65 մլն դոլարով, ինքը՝ Teva-ն այս սխեմայի շնորհիվ իր եկամուտները մեծացրել է 200 մլն դոլարով: Հաղորդագրության մեջ նշված չէ պաշտոնյայի անունը, պաշտոնը կամ թե որ գերատեսչությունում է աշխատել, փոխանցում է «Փրայմ»-ը:
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտնել է, որ նախարարությունը դիմել է գլխավոր դատախազությանը՝ Teva-ի աշխատակիցների կողմից առողջապահության նախարարության աշխատակիցներին տրված հնարավոր կաշառքի մասին տեղեկություններ ստանալու համար:
«Մենք գլխավոր դատախազությանն ենք դիմել, որպեսզի Ինտերպոլի եւ այլ միջազգային իրավական գերատեսչությունների միջոցով տեղեկություններ ստանանք այն պաշտոնյաների, հանգամանքների վերաբերյալ, որոնց պայմաններում դա տեղի է ունեցել, կամ հերքում ստանանք»,- RNSի փոխանցմամբ՝ ասել է նա:






