«Հոգեբուժական օգնության մասին» նոր օրենքը, որն այսօր քննարկվում է խորհրդարանում, կօգնի ավելի լավ պաշտպանել հոգեկան խանգարումներով հիվանդների իրավունքները: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով մշտական հանձնաժողովի փորձագետ Մարիետա Խուրշուդյանը:
Նրա խոսքով՝ գործող օրենքը հոգեկան խանգարումներով հիվանդների բուժմանն ու իրավունքներին առնչվող շատ հարցեր է կարգավորում, սակայն նաեւ խնդիրներ է պարունակում, որի պատճառով էլ առաջացավ այդ օրենքի վերանայման եւ նոր, ավելի համընդգրկուն օրենք կազմելու անհրաժեշտությունը: Նոր օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացվել ընթացիկ տարվա հուլիսին, մի քանի լսումներ է ունեցել, որոնց ընթացքում լրացումներ են կատարվել:
«Քննարկվող օրենքը համապատասխանում է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներով նախատեսված բոլոր նորմերին: Օրենքը կթեթեւացնի եւ՛ մասնագետների աշխատանքը, եւ՛ հիվանդների կյանքը. այն ավելի լավ կպաշտպանի նրանց իրավունքները, հատկապես հոգեբուժական կլինիկաներում գտնվելու ժամանակ»,- նշեց փորձագետը:
Այսօր Երեւանում ընթանում են հերթական լսումները՝ պատգամավորների, առողջապահության նախարարության, այլ շահագրգիռ գերատեսչությունների, Երեւանի քաղաքապետարանի, հոգեբուժական կլինիկաների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ բժիշկների մասնակցությամբ:
Ուշագրավ է, որ նոր օրենքը չի նախատեսում փակ հոգեբուժական մեծ կլինիկաներից անցում ոչ մեծ «խնամքի տներին», ինչպիսին մի քանի ամիս առաջ բացվեց Սպիտակում: Սակայն եթե Սպիտակի խնամքի տան փորձը հաջող լինի, անհրաժեշտ կլինի լրջորեն մտածել այս ծրագրի ընդլայնման եւ նույնպիսի խնամքի տներ այլ համայնքներում բացելու մասին, նշեց Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ներկայումս գրանցված է հոգեկան խանգարումներով մոտ 50 հազար մարդ, որոնք հոգեբուժական բուժման եւ հատուկ խնամքի կարիք ունեն:






