Լեհ վիրաբույժները դոնորական ձեռք են փոխպատվաստել տղամարդուն, որն առանց ձախ վերջույթի է ծնվել եւ միայն աջ ձեռքով ավելի քան 30 տարի ապրել: Բժիշկների խոսքով՝ սա առաջին նման վիրահատությունն է համաշխարհային պրակտիկայում:

Աշխարհում ձեռքի փոխպատվաստման ընդամենը շուրջ 80 վիրահատություն է արվել, բայց դրանք վնասվածքների հետեւանքով ձեռքը կորցրած, այլ ոչ թե ի ծնե ձեռք չունեցող մարդիկ են եղել: Ի ծնե վերջույթի բացակայության փոխպատվաստման վիրահատություն է արվել նորածին սիամյան երկվորյակներին Ինդոնեզիայում եւ Չինաստանում: Իսկ մեծահասակներին նման վիրահատություն անելը մինչեւ հիմա անհնար էր համարվում:

Հիվանդի անունը Պյոտր է, նա 32 տարեկան է: Բժիշկ Ադամ Դոմանաշիվիչի ղեկավարած վիրահատությունը դեկտեմբերի 15-ին անցկացվել է Վլոցլավի համալսարանական հիվանդանոցում (Wroclaw Medical University Hospital) եւ շուրջ 13 ժամ է տեւել: Այդ ընթացքում մասնագետների թիմն անդամահատել է դոնորական ձեռքը, միացրել հիվանդի մարմնին՝ ոսկորներն ամրացնելով տիտանով: Այնուհետեւ նրանք կարել են հիմնական մկանները, ջլերն ու անոթները: Դոնորական ձեռքի արյան շրջանառության վերականգնմանը զուգահեռ աճելու են նաեւ մնացած հյուսվածքները:

Հիվանդը գոհ է վիրահատության արդյունքից: Նա պատմել է, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ է երկու ձեռքով գրկելու իր ընտանիքը: Պյոտրն արդեն կարող է շարժել մատները, բայց ոչ ամբողջ ձեռքը: Բժիշկները, սակայն, վստահեցնում են, որ դա ժամանակավոր խնդիր է, ավելի ուշ ձեռքը մեծ շարժունակություն կունենա: