DARPA-ն՝ Պենտագոնի այն ստորաբաժանումը, որը զբաղվում է պաշտպանության ոլորտում հեռանկարային մշակումներով, Mobius Bionics ընկերության հետ համատեղ ստեղծել է ձեռքի բիոնիկ պրոթեզ, որը կոչվել է Լյուկ Սքայուոքերի՝ աստղային պատերազմների մասին հանրահայտ սագայի հերոսի պատվին․ ֆիլմերից մեկում Դարթ Վեյդերը կտրել էր Լյուքի ձեռքը, ու այն ստիպված են եղել փոխարինել պրոթեզով։ LUKE պրոթեզները (անվանումը վերծանվում է Life Under Kinetic Evolution Կյանքը կինետիկ էվոլյուցիայի պայմաններում) ծրագրում են տեղադրել ռազմական գործողությունների ընթացքում ձեռքերից զրկված զինծառայողներին։

Բիոնիկ ձեռքը ֆիքսվում է ուսին, անդամահատումից հետո։ Էլեկտրոդների օգնությամբ այն հաշվում է մկաններից ստացվող նյարդային ազդակները ու վերծանում դրանք՝ առաջացնելով տարբեր շարժումներ։ Դրանում առայժմ 10 շարժում է ծրագրված՝ ձեռքը կարող է բարձրանալ, իջնել, ճկվել, վերցնել առարկաներ, այդ թվում՝ փխրուն։ Ձեռքի տերը կկարողանա դրա օգնությամբ հագնվել, խոզանակել ատամները, մաքրել հատակը, ընդ որում՝ ո՛չ ջրից, ո՛չ փոշուց պրոթեզը չի «վախենում»։ Մշակողների կարծիքով՝ նման ձեռքը նկատելիորեն կբարձրացնի վետերանների կյանքի որակը։

Նոր բիոնիկ ձեռքն արդեն կլինիկական փորձարկումներ է անցել. ավելի քան հարյուր մարդ շուրջ 10.000 ժամ կրել է պրոթեզները։ Սարքը ծրագրում են ազատ վաճառքի հանել, սակայն շուկայում դրա հայտնվելու ժամկետները դեռ հայտնի չեն։