Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կայացել է Հոգաբարձուների խորհրդի թիվ 9-րդ նիստը, որտեղ ռեկտոր է ընտրվել Արմեն Մուրադյանը:

Համալսարանից NEWS.am Medicine-ին հայտնում են, որ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ռեկտորի ընտրությունը: Ռեկտորի պաշտոնակատար եւ առաջադրված միակ թեկնածու Արմեն Մուրադյանը հակիրճ ներկայացրեց բուհի զարգացման իր տեսլականը, այնուհետեւ պատասխանեց խորհրդի անդամների հարցերին:

Նշենք, որ Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից նիստին ներկա էր 30-ը: Նիստի օրակարգի համաձայն՝ Արմեն Մուրադյանը ներկայացրեց բուհի զարգացման իր ծրագիրը, ըստ որի՝ բժշկական համալսարանն ունի զարգացման 3 հիմնական ուղղություն, դրանք են՝ կրթությունը, բժշկական ծառայությունները եւ գիտությունը։

Ծրագրի համաձայն՝ կրթության զարգացման նպատակն է հիմնադրամի կրթական մակարդակի բարձրացումը եւ միջազգային որակի կրթություն տրամադրումը, որի շնորհիվ հնարավոր կլինի հիմնադրամի կրթական օջախները դարձնել տարածաշրջանային կենտրոններ։ Բացի այդ, նախատեսվում է ոչ միայն ավելացնել արտասահմանցի ուսանողների թիվն արդեն իսկ ծանոթ երկրներից, այլեւ նոր երկրներից ներգրավել ուսանողներ։ Բժշկական ծառայությունների զարգացման հիմնական նպատակն է զարգացնել բժշկական զբոսաշրջությունը՝ տրամադրելով ծառայություններ, որոնք գնային եւ որակական ցուցանիշներով մրցունակ կլինեն միջազգային շուկանում։ Տվյալ նպատակը իրականացնելու համար նախատեսվում է բարելավել բժշկական ծառայությունների որակը՝ համապատասխանացնելով դրանք միջազգային ստանդարտներին, ինչպես նաեւ ավելացնել առաջարկվող ծառայությունների ցանկը։

Կարեւորելով գիտության դերը, ինչպես կրթության այնպես էլ բժշկական ծառայությունների զարգացման մեջ՝ հիմնադրամն իր առջեւ նպատակ է դրել զարգացնել գիտական ներուժը՝ դառնալով գիտաբժշկական կենտրոն։ Ամփոփելով նիստը` Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին՝ նշելով, որ Խորհուդը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու բուհի նոր ղեկավարին, կոլեկտիվին եւ ուսանողությանը` կրթական, գիտական, առողջապահական ու վարչարարական բոլոր ծրագրերի իրականացման գործում:

Նշենք, որ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում 29 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արմեն Աբգարի Մուրադյանն ընտրվեց Երեւանի պետական բժշկական համալսարանի 22-րդ ռեկտոր: