Էլեկտրոնային առողջապահության (e-health) ներդրման շրջանակներում բժշկական հաստատությունների մասնագետների համար պատրաստվել են ուսումնական նյութեր, որոնց միջոցով կարելի է ամբողջությամբ անցնել համակարգի ուսուցման դասընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Մշակված ուսումնական նյութերին, դրանց թարմացումներին եւ համալրումներին կարելի է ծանոթանալ ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ/ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ դարանում:

Էլեկտրոնային առողջապահության (e-health) համակարգի ներդրումը ներառված է ՀՀ կառավառության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում:

Համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցումը, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրս գրման, բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը:

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը մի կողմից թույլ կտա ավտոմատացնել եւ դյուրացնել բժշկական հաստատությունների՝ սպասարկող եւ բժշկական անձնակազմի գործավարությունը, նվազեցնել առկա փաստաթղթաշրջանառությունը եւ թղթային գրանցումները, բժշկին ապահովել քաղաքացու հիվանդության պատմության առցանց հասանելիությունը, իսկ մյուս կողմից` ՀՀ քաղաքացիներին տրամադրել բժշկական հաստատություններ այցերի առցանց պլանավորումը, ինչպես նաեւ սեփական հիվանդության պատմության դիտման հնարավորությունը: