Ռուսաստանի Օմսկ քաղաքի վիրաբույժներն առաջին անգամ երիտասարդ կնոջը փոխպատվաստել են հարազատի լյարդը: Հիվանդի դոնորը նրա մայրն է:

Օմսկի բնակչուհին երկար ժամանակ տառապում էր լյարդի անբուժելի դիֆուզային հիվանդությամբ: Բժիշկների կանխատեսումները հուսադրող չէին: Նա փոխպատվաստման էր սպասում, սակայն չէր հաջողվում համապատասխան դոնոր գտնել: Երիտասարդ տարիքում օտար օրգանի փոխպատվաստումը հիվանդը ծանր է տանում: Այդ ժամանակ մայրը որոշել է դստերը փրկել եւ նրան տալ իր լյարդի մի մասը:

Փոխպատվաստումը կատարել է Ռուսաստանի Բժշկակենսաբանական դաշնային գործակալության Արեւմտասիբիրական բժշկական կենտրոնի բժիշկների խումբը՝ պրոֆեսոր Վլադիմիր Շուտովի ղեկավարությամբ: Բժիշկների խոսքով՝ հարազատի լյարդի փոխպատվաստումը վիրաբուժության մեջ «բարձրագույն պիլոտաժ» է:

«Կենտրոնի բժիշկները վիրահատությանը մեկ տարի պատրաստվել են: Վիրաբույժները միաժամանակ երկու վիրահատարաններում են աշխատել: Վիրաբույժների եւ բուժքույրերի համակարգված գործողությունների շնորհիվ ամեն ինչ հաջող է անցել»,- «Ռոսիյսկայա գազետա»-ին հայտնել է բժշկական կենտրոնի ներկայացուցիչ Նատալյա Դյոեւան:

Ներկայումս հիվանդը եւ նրա մայրը վերականգնվում են: Բժիշկները նախատեսում են նրանց դուրս գրել ամանորյա տոներից հետո: Բժիշկների խոսքով՝ հիվանդների աշխատունակությունը լիովին կվերականգնվի, նրանք կկարողանան կյանքի նորմալ ընթացքի վերադառնալ:

Օմսկում լյարդի փոխպատվաստման առաջին վիրահատությունը կատարվել է անցյալ տարվա վերջին: Արեւմտասիբիրական բժշկական կենտրոնը լյարդի փոխպատվաստման ներդրմանը պատրաստվել է մի քանի տարի շարունակ:

Վիրաբույժների առաջին հիվանդը Օմսկի 29-ամյա բնակիչ էր, որի մոտ ախտորոշված էր դեկոմպենսացված ցիռոզ: Բժիշկների կանխատեսմամբ՝ առանց փոխպատվաստման նրան մնացել էր ապրելու մեկ տարուց պակաս: Լյարդի դոնոր է դարձել Օմսկի բնակիչ, որի մոտ գլխուղեղի մահ էր ախտորոշված, ում հարազատները վիրահատության համաձայնություն են տվել: