Արտադրական սթրեսը խթանում է մտածողությունը, մարդուն մարտական պատրաստվածության վիճակում պահում, բարելավում աշխատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը: 12-ամյա հետազոտության արդյունքում նման անսպասելի եզրահանգման են եկել Ինդիանայի համալսարանի գիտնականները: Նրանք այդ ընթացքում հետեւել են ավելի քան 10 հազար աշխատողների սթրեսի մակարդակին:

Բնականաբար, սթրեսը նախ եւ առաջ ակնհայտորեն բացասական արտահայտություն ունի: Բազմաթիվ տարիներ սթրեսի բարձր մակարդակի պայմաններում աշխատողների մեծ մասը մահացել է, ընդ որում՝ այդ խմբում մահացության հիմնական պատճառ է դարձել քաղցկեղը, ինչը թույլ է տալիս խոսել ուռուցքային հիվանդությունների վտանգի թվում սթրեսի գործոնի մասին: Բացի այդ՝ մարդիկ մահացել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից: Հետազոտողները նշել են, որ մարդիկ, սովորական մեխանիզմների նման, այրվում են սթրեսից: Նրանք, ովքեր պատասխանատու առաջադրանք են կատարել՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ աշխատանքային գրաֆիկ կազմելու հնարավորության բացակայության պայմաններում, 15%-ով ավելի հաճախ են մահացել, քան ազատության որոշակի մակարդակ ունեցող աշխատողները:

Մյուս կողմից՝ սթրեսի բարձր մակարդակով, չափավոր վերահսկողությամբ եւ առաջադրանքը կատարելու ժամկետներն ինքնուրույն որոշելու հնարավորությամբ աշխատանքն առավելություններ ունի: Այդ դեպքում սթրեսը խթանող գործոն է դառնում:

Հետազոտության հեղինակներից դոկտոր Էրիկ Գոնսալես Մուլի խոսքով՝ որոշումներ կայացնելու ազատության ցածր մակարդակի համադրությամբ լարված աշխատանքն ակնհայտորեն բացասական հետեւանքներ է ունենում աշխատակիցների համար, իսկ որոշումներ կայացնելու ազատությամբ լարված աշխատանքը կարող է օգտակար լինել նրանց առողջության համար:

«Գործատուն կարող է խուսափել իր ենթակաների համար բացասական հետեւանքներից, եթե նրանց թույլ տա սեփական նպատակներն առաջադրել, սեփական աշխատանքային ժամանակացույցը կազմել եւ խնդիրների լուծման իրենց առաջնահերթությունները սահմանել»,- նշել է Գոնսալես Մուլը: