Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը տրամաբանական կապ չի տեսնում դեղերի մեծածախ վաճառքի լիցենզիա ստանալու պարտավորության եւ ոլորտի մոնոպոլիզացիայի միջեւ։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, թե փոքր դեղ ներմուծող ընկերություններն ու դեղատները օրենքի այդ կետում տեսնում են ոլորտի մոնոպոլիզացիայի ռիսկ, քանի որ միայն խոշոր ընկերություններն են ի վիճակի վճարել եւ ստանալ այդ լիցենզիան։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ «Վագա Ֆարմ» ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը շատ վիճելի հարցեր է տեսնում դեղերի մասին նոր օրենքում եւ իր դիրքորոշումը հայտնել է NEWS.am Medicine-ի հետ զրույցում, նախարարը խնդրեց իր մամուլի ասուլիսը չվերածել «Վագա Ֆարմ»-ի տնօրենի հարցազրույցի մեկնաբանությանը։
Իր հերթին առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը վստահեցրեց, որ փոքր ընկերությունները նույնպես կարող են լիցենզիա ստանալ մեծածախ առեւտրի այն ծավալի համար, որը կարող են իրացնել։
«Մեծածախ առեւտրի լիցենզավորման համար, այո՛, մենք լիցենզավորման նոր տեսակ ենք մտցրել նոր օրենքով։ Օրենքով նախատեսվում է, որ մեծածախ լիցենզավորման մեջ կլինեն նաեւ ենթակետեր. այն դեղորայքը, որը որ չի պահանջում հատուկ պայմաններ տեղափոխման կամ պահպանման համար, դրանք ավելի հեշտ ստացվող լիցենզիաներ կլինեն»,- ասաց նա։
NEWS.am Medicine-ի պարզաբանող հարցին ի պատասխան, թե արդյոք դա նշանակում է, որ դեղատները կարող են դեղեր ներկրել փոքր ծավալով իրացման համար, փոխնախարարը դրական պատասխան տվեց։
«Նույնիսկ դա կխթանվի, որովհետեւ դա ցածր գների գրավական է», – հավելեց նախարար Լեւոն Ալթունյանը։






