2012 թվականին 7 մլն մարդ է մահացել օդի աղտոտվածության պատճառով առաջացած հիվանդությունների հետեւանքով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, օդի աղտոտվածությունը Երկիր մոլորակի յուրաքանչյուր ութ բնակչից մեկի մահվան պատճառ է դարձել: Զոհվածներից շուրջ 6 միլիոնը բնակվել են հարավ-արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածի երկրներում, ընդ որում՝ 3.3 միլիոնի դեպքում մահվան պատճառ է դարձել շինություններում օդի աղտոտվածությունը, եւս 2.6 մլն մարդ մթնոլորտի աղտոտվածության զոհ է դարձել:

Մթնոլորտի աղտոտվածության պարագայում 40%-ի մահվան պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն ու ուղեղի կաթվածն է, 11%-ինը՝ թոքերի խրոնիկ հիվանդությունները, 6%-ինը՝ թոքերի քաղցկեղը, 3%-ի պարագայում մահվան պատճառ են դարձել երեխաների մոտ ներքին շնչուղիների սուր ինֆեկցիաները:

Շինություններում օդի աղտոտվածության հետեւանքով 34%-ը մահացել է ուղեղի կաթվածից, 26%-ը՝ սրտի իշեմիկ հիվանդությունից, 22%-ը՝ թոքերի քրոնիկ հիվանդություններից, 12%-ը՝ երեխաների մոտ ներքին շնչուղիների սուր ինֆեկցիաներից, 6%-ը՝ թոքերի քաղցկեղից: