Բժշկական ապահովագրությունը առողջապահության ոլորտում միջոցների բաշխման մեթոդ է եւ չի կարելի ֆինանսների բաշխման հարցը դիտարկել որպես առաջնային, քանի դեռ չեն լուծվել մյուս խնդիրները։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ անդրադառնալով Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրություն սահմանելու հնարավորությանը։
«Բժշկական ապահովագրությունը առողջապահության ոլորտում միջոցների բաշխման մեթոդ է, իսկ թե ինչպես բաշխել այդ միջոցները, մենք կարող ենք որոշել այն ժամանակ, երբ սահմանվի, թե որքան արժի ՀՀ բնակչության առողջությունը, որքան մենք փող ունենք, որքան լրացուցիչ միջոցներ է պետք հայթայթել, եւ պարզենք դրանց աղբյուրները։ Եվ միայն վերջում մենք կդիմենք հարցին, թե ինչպես բաշխել այդ միջոցները։ Ես ուզում եմ ասել, որ չի կարելի ֆինանսների բաշխման հարցը դիտարկել որպես առաջնային, քանի դեռ չեն լուծվել մնացած բոլոր խնդիրները։ Ես կարծում եմ, որ մենք այդ հարցին կդիմենք 2017-ի վերջին»,– ասել է նա։
Նախարարը հավելել է, որ կան բժշկական ծառայությունների վճարման տարբեր մեթոդներ. մի դեպքում վճարում է պետությունը, իսկ մյուս դեպքում՝ ապահովագրական ընկերությունը, երրորդ դեպքում՝ հենց հիվանդը։ Այստեղ կարելի է ավելացնել նաեւ դեպքերը, երբ վճարում են բարեգործական հիմնադրամները։
Ինչ վերաբերում է պետության կողմից բժշկական ծառայությունների համար վճարելուն, այսօր, նախարարի խոսքով, Հայաստանում առողջապահության համար հատկացվում է ՀՆԱ 1.6 տոկոսը։ «Երկիրը ձգտում է այդ գումարը հասցնել մինչեւ 3-4 տոկոսի առաջին իսկ հնարավորության դեպքում։ Իսկ առաջին հնարավորությունը կախված է բոլորիցս, ՀՆԱ աճից, իսկ սոցիալական ոլորտի եւ առողջապահության ծախսերը մեծանում են ՀՆԱ աճի հետ մեկտեղ»,– նշել է նա։
Նախարարը հիշեցրել է, որ հիմա նախարարությունում աշխատում է մի քանի աշխատանքային խումբ, եւ նրանցից մեկը՝ ֆինանսա–տնտեսական։ Նրա նպատակն է գնահատել, թե որքան արժի Հայաստանի բնակիչների առողջությունը։
«Այսօր մենք այդ բյուջեում 85 մլրդ դրամ ունենք, իսկ որքան է պետք, մենք շուտով բոլորին կասենք, եւ միասին կմտածենք, թե որտեղից վերցնենք պակասող գումարը»,– նշեց նախարարը։
Լեւոն Հարությունյանը հիշեցրեց, որ նախկինում արդեն խոսել էր այն մասին, որ 5 տարում բժշկի միջին աշխատավարձը պետք է աճի մինչեւ 400 հազար դրամի, իսկ առողջապահական ծախսերը պետք է կազմեն 300 մլրդ դրամ, որոնք կհավաքվեն կամավոր ապահովագրման, տարբեր ֆոնդերի եւ ՀՆԱ աճի հաշվին։






