Այն մասին, որ Հայաստանի առողջապահության ոլորտում կա 120 մլրդ դրամի ստվերային շրջանառություն Համաշխարհային բանկի փորձագետներն են հայտնում, ես միայն ներկայացրել են նրանց տվյալները։ Այս մասին դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նախարարությունը մտադիր պայքարել այդ ստվերային շրջանառության դեմ, որի մասին նա հայտնել էր նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ։

Ուշագրավ է, որ մամուլի ասուլիսին ներկա գտնվող առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նախարարի ականջին շշնջաց, որ դա կոռուպցիա չէ, այլ «գրպանից դուրս ծախս է»։

«Իհարկե այդ շրջանառության մեջ կան կոռուպցիոն ռիսկեր։ Բայց այդ ամբողջ շրջանառությունը չէ կոռուպցիա։ Զգալի մասը քաղաքացիների ցանկությունն է։ Դա այն վճարներն են, որոնք քաղաքացիներն անում են բարի կամքով։ Մենք աշխատելու ենք բնակչության հետ, որպեսզի կանխենք նման երեւույթները»,- ասել է նախարարը։

Նա հավելել է, որ ժամանակին նույնպիսի խնդիր է եղել նաեւ հսկիչ դրամարկղային կտրոնների հետ, բայց որոշակի քայլերը հանգեցրել են նրան, որ քաղաքացիներն այսօր պահանջում են ու ստանում կտրոնները։ «Մոտավորապես նույն մեխանիզմներն էլ պետք է այստեղ գործեն»,- ասել է նա՝ հավելելով, որ բժիշկներին տրվող կաշառքը օրինականացնելու իր առաջարկը այդ մեխանիզմներից մեկն է։