«Նաիրի» բժշկական կենտրոնում չարորակ ուռուցքների դեղորայքային բուժումը՝ քիմիաթերապիան, իրականացվում է՝ համագործակցելով եվրոպական առաջատար կլինիկաների հետ, բացառապես արեւմտյան սխեմաներով՝ կիրառելով եվրոպական լավագույն դեղորայք:
«Չարորակ ուռուցքային հիվանդությունների բուժման համար կարեւոր է ո՛չ միայն արդյունավետ եւ որակյալ դեղորայքի ընտրությունը, այլեւ բուժման իրականացման սխեման եւ արձանագրությունը:
Մեր կլինիկայում բուժման կարեւորագույն առավելություններից է այն, որ խստորեն պահպանվում են քիմիապրեպարատների դեղաչափերը, ներմուծման հաջորդականությունն ու տեւողությունը: Հետեւելով միջազգային փորձին՝ բուժման արդյունքներով չենք զիջում արտասահմանյան բժշկական կենտրոններին», - այս մասին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լեւոն Բադալյանը:
«Նաիրի» բժշկական կենտրոնը քիմիաթերապիայի կազմակերպման գործընթացում մշտապես հետեւում է նաեւ նորամուծություններին. այսօր կլինիկայում, մասնավորապես՝ կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի բուժման սխեմաներն, իրականացվում են նորագույն չափանիշներով, որոնք նորարարություն են նույնիսկ արեւմուտքում:
«Եթե նախկինում քիմիաթերապիայի կուրսերը, որպես կանոն, իրականացվում էին քսանմեկ օրը մեկ անգամ, այսօր, արդի ուռուցքաբանությունը վերանայել է այդ մոտեցումը եւ շատ հաճախ կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի բուժման մեջ քիմիաթերապիան առավել արդյունավետ է յուրաքանչյուր շաբաթ կամ երկու շաբաթը մեկ անգամ իրականացնելու դեպքում, այսպես կոչված «հաճախացած դեղաչափերով» (dose dense chemotherapy), որի առավելությունն արդեն ապացուցված է առաջատար ուռուցքաբանական կենտրոնների կողմից:
Խնդիրը նրանում է, որ քսան օր ընդմիջման դեպքում ուռուցքային բջիջները ստանում են բազմանալու որոշակի հնարավորություն, իսկ քիմիաթերապիայի մեկ-երկու շաբաթյա ընդմիջումով կիրառման դեպքում կանխվում են նրանց աճելու եւ զարգանալու բոլոր շանսերը»,- ասաց բժիշկ Բադալյանը: Արդեն մի քանի տարի է, ինչ մեթոդը գործականում կիրառվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքում:
«Բացի հաճախացված դեղաչափերով բուժումից, գերժամանակակից արձանագրությունները պարունակում են նաեւ, այսպես կոչված, «ինտենսիվ դեղաչափերով» սխեմաներ (dose intensified chemotherapy), այսինքն, հիվանդին ներմուծվում են ստանդարտ դեղաչափերից որոշակիորեն ավելի բարձր դեղաչափեր, ինչը նույնպես նպաստում է քաղցկեղի բջիջների առավել արդյունավետ ոչնչացմանը: Բուժման այս մեթոդը նախատեսված է հիվանդների բարձր ռիսկային խմբերի համար (երիտասարդ հիվանդներ, մեծ չափերի կամ տարածված ուռուցքներով դեպքեր եւ այլն), որոնց պարագայում մեծ է հիվանդության կրկնվելու (ռեցիդիվի) վտանգը:
Ամենաբարձր ռիսկի խմբերում գտնվող հիվանդների մոտ կրծքագեղձի քիմիաթերապիան կատարվում է ներկայացված երկու նոր մեթոդների համատեղ կիրառմամբ՝ բարձր դեղաչափերով եւ հաճախացած ռեժիմով»,- նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավարը:









