ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, «Հայաստան հիմնադրամ ԱՄՆ» գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն այսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի Հանրապետությունում գլխուղեղի անոթային  հիվանդությունների բուժման ծառայության ապահովման, ընդլայնման եւ զարգացման նպատակով երկարաժամկետ ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

Այսպիսով, ժամանակակից բժշկության կարեւոր ու արդիական ոլորտում ունեցած ձեռքբերման զարգացումն ապահովելու հիմք դրվեց։ Չորս տարի առաջ համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ժամանակակից սարքավորումներով հագեցված եւ արտերկրում վերապատրաստված մասնագետներով անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոնի  ստեղծման գործում ներդրում ունեին ինչպես «Հայաստան հիմնադրամ ԱՄՆ»-ը, այնպես էլ` ամերիկահայ մասնագետները։

«Այս հուշագրով կամրապնդենք եւ կզարգացնենք  ռազմավարական այս ծրագիրը։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում առողջապահության նախարարության աջակցությունը եւ անձամբ նախարարի մեծ պատրաստակամությունը»,-ասաց Իրինա Լազարյանը։ 

Նախարարը հուշագրի ստորագրումը շրջադարձային որակեց։

«Կարեւոր այս ծրագրի իրականացման գործում բոլոր կողմերն էլ լուրջ անելիքներ ունեն։ Թե՛ նախարարությունը, թե՛ բժշկական համալսարանը պատրաստակամ ենք իրականացնելու մեր առջեւ դրված խնդիրները։ «Հայաստան հիմնադրամ ԱՄՆ» կազմակերպությունից ակնկալում ենք, որ բարձր մակարդակով կկազմակերպի մեր մասնագետների վերապատրաստումներն աշխարհի առաջատար կլինիկաներում»,- ասաց Դերենիկ Դումանյանը։

Հուշագիրը ստորագրող կողմերը կարեւորեցին նաեւ ծառայությունը մարզերի բնակչությանը հասանելի դարձնելու հարցը։