Բոտոքսը հիմնականում կիրառվում է կնճիռները հարթեցնելու համար, բայց նոր հետազոտության ժամանակ պարզվել է, որ այն կարող է օգնել նաեւ ասթմայով տառապող մարդկանց, հաղորդում է Daily Mail – ը:

Ավստրալիայի բժիշկներն առաջինն էին, ովքեր սկսեցին բոտոքս սրսկել ասթմայով տառապող հիվանդների ձայնալարերի մեջ՝ թեթեւացնելով  նրանց շնչառությունը:

Այդ հիվանդները տառապում էին նաեւ ձայնալարերի դիսֆունկցիայից, որն առաջացնում է մկանային կծկումներ եւ դժվարացնում շնչառությունը:

Բոտոքսը մասամբ անշարժացնում է մկանները, թուլացնելով դրանք եւ հեշտացնելով շնչառությունը: Այդ ազդեցությունը տեւում է երկուսից երեք ամիս:

11 հիվանդներից բաղկացած խումբը ստացավ 24 ներարկում, եւ նրանցից 60 տոկոսի մոտ ախտանշանները զգալիորեն թեթեւացան:

Այնուամենայնիվ, հիվանդներից մի քանիսի ձայնը բուժման հետեւանքով փոխվել էր:

68-ամյա Լին Դոուսին տարիներ շարունակ տառապել է շասթմայով, որի հետեւանքով նրա ձայնալարերը վնասվել էին եւ նա շարունակ շնչահեղձ էր լինում:

Նա վերհիշում է. «Դա սարսափելի էր: Կարծես կոկորդիս մեջ գնդակ լիներ, անընդհատ խեղդվում էի: Իսկ այժմ ես կարող եմ վեր կենալ եւ քայլել առանց շնչահեղձ լինելու»:

Բժշկական հետազոտությունը տեւել է 18 ամիս եւ ներառել 11 գիտաշխատող: