Երեխաներից շատերը հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը եւ անհամբերությամբ նրանից ամանորյա նվերների են սպասում: Սակայն որոշ մասնագետներ պնդում են, որ Ձմեռ պապիկի գոյության հավատը մի շարք պատճառներով երեխայի համար վնասակար է. առաջին՝ մասնագետների կարծիքով, երբ երեխան իմանա, որ ծնողներն իրեն խաբել են, կկորցնի նրանց հանդեպ հավատը: Երկրորդ՝ ցանկալի է, որ վաղ մանկությունից երեխան իրեն շրջապատող աշխարհի մասին ճիշտ պատկերացումներ ունենա. նա չպետք է մտածի, որ ինչ-որ մեկը հենց այնպես նվերներ է բաժանում, եւ որ ինքը կարող է կյանքում ինչ-որ բան ստանալ՝ դրա համար ոչ մի ջանք չգործադրելով:
Հոգեբան Սոնա Հարությունյանը, սակայն, այս կարծիքին համաձայն չէ: Նրա կարծիքով՝ երեխայի զարգացման համար շատ կարեւոր է, որ նա, ամեն դեպքում, հավատա Ձմեռ պապիկի գոյությանը, քանի որ այս հերոսը նրանց համար հրաշքի հետ է կապվում, իսկ երազանքներին ու հրաշքին հավատալը մարդուն անհրաժեշտ են նրա ամբողջ կյանքի ընթացքում:
«Երեխայի կյանքում պետք է երազանքներ լինեն, հրաշքի սպասում, ինչ-որ նոր եւ լավ բանի սպասում, այս ամենը շատ կարեւոր են նրա զարգացման համար: Այս զգացումներից շատերը երեւան են գալիս հենց ամանորյա տոների ժամանակ եւ կապված են Ձմեռ պապիկի հետ»,- նշեց հոգեբանը:
Նրա կարծիքով՝ Ձմեռ պապիկի գոյությանը հավատալու մեջ ոչ մի վտանգավոր եւ վատ բան չկա: Որոշ մուլտհերոսնոր, օրինակ, երեխայի հոգեբանության համար ավելի վտանգավոր են եւ կարող են նրա վախն առաջացնել կամ ագրեսիա: Հոգեբանի կարծիքով՝ շատ ավելի լավ է անմեղ Ձմեռ պապիկին հավատալը, այլ ոչ թե այդ հերոսների գոյությանը:
Իսկ ե՞րբ կարելի է երեխային պատմել, որ Ձմեռ պապիկն իրականում գոյություն չունի:
Հոգեբանի կարծիքով՝ չարժե այդ մասին հատուկ պատմել. վաղ թե ուշ երեխան դա ինքնուրույն կիմանա: Իսկ մինչ այդ արժե, որ նա հրաշքներին հավատա, եւ այդ հավատը նրան շատ կօգնի, երբ մեծանա:
«Նույնիսկ հասուն տարիքում մենք շարունակում ենք հրաշքի հավատալ, եւ դա շատ կարեւոր է: Հավատի բացակայությունն է վատ եւ վտանգավոր»,- նշեց հոգեբանը:






