Շատ երեխաներ անհամբերությամբ սպասում են ամանորյա տոներին, քանի որ հույս ունեն ստանալ իրենց ուզած նվերները։ Սակայն երեխաներին պետք է սովորեցնել ոչ միայն շնորհակալությամբ ընդունել ցանկացած նվերներ (նույնիսկ եթե դրանք նրանց այնքան էլ դուր չեն գալիս), այլեւ տալ նվերներ, վստահեցնում է հոգեբան Սոնա Հարությունյանը։
Նրա կարծիքով շատ կարեւոր է, որ երեխան մասնակցի ամանորյա տոների բոլոր նախապատրաստական աշխատանքներին, այդ թվում նվերներ պատրաստելուն։ Երեխան, ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նշեց հոգեբանը, պետք է հենց մանկուց սովորի ինչ-որ բան անել ուրիշների համար ու նվերներ նվիրել, իր հնարավորությունների սահմանում։ Օրինակ նա կարող է գունավոր թղթից որեւէ հետաքրքիր բան պատրաստել կամ նկարել ինչ-որ բան ու նվիրել մտերիմներին։ Այդպես նա կհասկանա մի կարեւոր բան՝ ամեն ինչ պետք է փոխադարձ լինի, ու եթե մյուսներն իրեն նվիրում են նվերներ, ինքն էլ պետք է նույնը անի՝ իր հնարավորությունների սահմանում։ Այդ ընկալումը շատ օգտակար կլինի նրան հետագայում, երբ նա մեծանա՝ նա կհասկանա, որ իրեն ոչ ոք ոչինչ պարտական չէ, կյանքում շատ բան կառուցված է փոխադարձության ու փոխադարձ հարգանքի վրա։
Բացի դրանից երեխան պետք է նաեւ հասկանա, որ նվերը կարող է անակնկալ լինել՝ բոլորովին էլ պարտադիր չէ նվերի հասցեատիրոջից հարցնել, թե ինչ է նա ուզում նվեր ստանալ։ Այդպես էլ իրենից կարող են չհարցնել, թե ինչ է ինքն ուզում։ Երեխան պետք է սովորի շնորհակալությամբ ու առանց կամակորությունների ընդունել ցանկացած նվեր, նույնիսկ եթե դա այն չէ, ինչ ինքն էր ուզում։ Նա, հոգեբանի կարծիքով, պետք է հասկանա, որ նվերն իրեն անում են սրտանց ու ցանկացած նվեր էլ լավն է։
Իսկ ի՞նչ անել, եթե երեխան կամակորություն է անում ու որոշակի նվերներ պահանջում
Այդպիսի կամակորությունները, հոգեբանի կարծիքով, պետք է հենց մանկուց կանխել՝ չի կարելի թույլ տալ, որ երեխան մտածի, թե լացն ու քմահաճությունները կարող են ապահովել իր ցանկությունների իրականացումը։ Եթե երեխան հասկանա, որ բավական է լացի՝ ծնողները կանեն այն ամենն, ինչ ինքն ուզում է (կամ կգնեն այն ամենն, ինչ ուզում է) նա կսկսի ակտիվ օգտագործել այդ մեխանիզմը, որը իհարկե շատ կխանգարի նրան հետագա կյանքում։ Այսպիսով, երեխաների պահանջները, որոնք ուղեկցվում են քմահաճություններով ու լացով, պետք չէ կատարել, հակառակ դեպքում դա վատ սովորություն կդառնա, համարում է հոգեբանը:






