Շատ բժիշկներ պնդում են, որ բարուրաշորի դարն անցել է եւ երեխային պետք չէ բարուրել: Սակայն մեր տատիկները պնդում են, որ մեկանգամյա օգտագործման տակդիրը (փամփերսը) վնասակար է երեխայի առողջության համար եւ որ բարուրաշորից հրաժարվել չի կարելի: Ամեն դեպքում, ո՞րն է երեխայի համար ավելի լավ. նոր սերնդի տակդիրնե՞րը, թե՞ հին ու բարի բարուրաշորը: Թեմայի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցել է մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանի հետ:
Մանկաբույժն առաջին հերթին նշեց, որ դրական եւ բացասական կողմեր ունեն ինչպես մեկանգամյա օգտագործման տակդիրը, այնպես էլ բարուրաշորը, եւ միանշանակ «հաղթողին» որոշելն այս հարցում բավական բարդ է:
1-ին ռաունդ. մարմնի եւ վերջույթների զարգացում
Նորմալ զարգացման համար երեխան պետք է շատ շարժվի: Մանկաբույժի պնդմամբ, ձեռքերն ու ոտքերն ազատ շարժվելու հնարավորություն երեխաներն ունենում են հենց մեկանգամյա օգտագործման տակդիրների պարագայում, այն դեպքում, երբ բարուրի մեջ երեխայի շարժունակությունը սահմանափակվում է:
Որպեսզի երեխայի կոնքազդրային հոդերը ճիշտ զարգանան, հարկավոր է, որպեսզի նրա ոտքերը շարժուն լինեն: Դա ապահովում է հենց տակդիրը, այն դեպքում, երբ բարուրելու պարագայում ոտքերը ճիշտ դիրքում չեն լինում: Եթե ծնողները, ամեն դեպքում, որոշում են բարուրել երեխային, մանկաբույժը խորհուրդ է տալիս բարուրել ոչ շատ ամուր եւ հնարավորինս այնպես անել, որպեսզի երեխան կարողանա շարժել ոտքերը:
Առաջին ռաունդի հաղթողը՝ տակդիրներ, քանի որ դրանցում փոքրիկների վերջույթներն ավելի լավ են զարգանում:
2-րդ ռաունդ. սեռական օրգանների զարգացում
Չշնչող տակդիրները կարող են մի շարք խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Տակդիրները կարող են վտանգավոր լինել հատկապես տղաների համար, քանի որ տղայի փոշտի շրջանում ջերմաստիճանը պետք է 37 աստիճանից չբարձրանա, իսկ տակդիրում գոտկատեղից ներքեւ ջերմաստիճանը բարձրանում է: «Ապագայում այդ կարող է բացասաբար անդրադառնալ սպերմատոգենեզի վրա. սերմնահեղուկը կարող է այնքան էլ որակյալ չլինել»,- բացատրում է Արուսյակ Խաչատրյանը:
Երկրորդ ռաունդի հաղթողը՝ բարուրաշոր, քանի որ այն տղաների սեռական համակարգի զարգացման համար խնդիրներ չի առաջացնում:
3-րդ ռաունդ. Ժամանակ
Տակդիրները խնայում են ծնողների ժամանակը, քանի որ մեկանգամյա օգտագործման են եւ կարիք չկա օրական մի քանի անգամ լվանալ դրանք:
Երրորդ ռաունդի հաղթողը՝ տակդիր, քանի որ տնտեսում է ժամանակը:
4-րդ ռաունդ. դրամապանակ
Բարուրաշորը ծնողների համար ավելի էժան է, քանի որ մեկանգամյա օգտագործման տակդիրներ բավական շատ պետք է գնել, իսկ որակյալ տակդիրները բավական թանկ արժեն:
Չորրորդ ռաունդի հաղթողը՝ բարուրաշոր, քանի որ տնտեսում է գումարը:
5-րդ ռաունդ. սոցիալական ունակություններ
Հետաքրքիր է, որ «բարուրաշորային» երեխաների մոտ ավելի արագ են սկսում ձեւավորվել սոցիալական ունակությունները: Օրինակ՝ նրանք ավելի վաղ տարիքում են սովորում միզանոթին: Մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանը նշում է, որ սովորական բարուրաշորում մեծացած երեխաները միզանոթին սովորում են արդեն մեկ կամ մեկուկես տարեկանում: Իսկ «փամփերսային» աղջիկները միզանոթին սովորում են երկու, տղաները՝ երեք տարեկանում:
Պատճառն այն է, որ «բարուրաշորային» երեխան անհարմարություն է զգում, երբ միզում է ու թրջվում, եւ ավելի արագ է հասկանում, որ այդ բոլոր տհաճ զգացողությունները միզանոթի պարագայում չեն լինի: «Փամթերսային» երեխաները նման անհարմարություն չեն զգում, քանի որ տակդիրում մեզը վերածվում է դոնդողի եւ չի գրգռում մաշկը, այդ պատճառով նման երեխաների համար միեւնույն է, թե որտեղ կմիզի. միզանոթո՞ւմ, թե՞ տակդիրում:
Արուսյակ Խաչատրյանն ասում է, որ եթե երեխան «փամփերսային» է եւ 1.5 տարեկանում միզանոթին չի վարժվում, ծնողները չպետք է անհանգստանան եւ ստիպեն երեխային: «Չի կարելի երեխային ստիպել միզանոթից օգտվել, քանի որ դրա հետեւանքով նրա մոտ կարող են նեւրոզներ առաջանալ: Կգա ժամանակ, երբ երեխան ինքնուրույն կհրաժարվի տակդիրից»,- նշում է մանկաբույժը:
Հինգերորդ ռաունդի հաղթողը՝ ոչ ոքի:
Եվ այսպես, իրականում, դրական եւ բացասական կողմեր ունեն ինչպես մեկանգամյա օգտագործման տակդիրները, այնպես էլ բարուրաշորը: Յուրաքանչյուր ծնող ինքը պետք է որոշի, թե որն է ավելի լավ իր եւ իր երեխայի համար:






