Նվարդ Քոչարյանը մանկության տարիներին ընկել էր եւ ծնոտը վնասել: Նա տարիներ շարունակ ուշադրություն չէր դարձնում ստացած վնասվածքից հետո ստորին ծնոտի ձեւախախտմանը, մինչեւ խնդիրն անտեսելն անհնարին դարձավ. տարիքին զուգահեռ ծնոտի վիճակը վատթարանում էր, շնչառության հետ կապված խնդիրներ առաջացան՝ Նվարդը ստիպված էր նստած քնել:
Ի վերջո, Նվարդը հասկացավ, որ պետք է ծնոտի հետ ինչ-որ բան անել. սա արդեն ոչ միայն կոսմետիկ թերություն էր, շնչառության խանգարման պատճառով քնած ժամանակ նրա մոտ կարող էին ավելի լուրջ խնդիրներ առաջանալ՝ կապված, օրինակ, սրտի հետ:
Նվարդի ընկերուհին նրան ծանոթ բժշկի՝ դիմածնոտային վիրաբույժի մոտ է տանում: Նվարդը հույս ուներ, որ փորձառու վիրաբույժն իրեն կհուշի ինչ անել, նա հոգու խորքում վիրահատության էլ էր պատրաստ, միայն թե ծնոտն ուղղվեր եւ շնչառությունը կարգավորվեր: Սակայն վիրաբույժը նրա ակնկալիքները չարդարացրեց. նրան արագ զննելով՝ ասաց. «Քո խնդիրը լուծելու համար կախարդական փայտիկ է հարկավոր: Եթե այն գտնես, գուցե եւ հնարավոր լինի ինչ-որ բան անել»:
Այդ պահին Նվարդին թվաց, որ սա վերջն է, եւ ինքը ստիպված է ամբողջ կյանքում այդ թերության հետ ապրել, որը տարիների ընթացքում միայն կվատթարանա եւ նորանոր խնդիրներ կառաջացնի: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա ասաց, որ վիրաբույժի խոսքից հետո սարսափելի շոկ ու հիասթափություն է ապրել:
«Ամենից շատ վախենում էի իմ շնչառության համար, եւ որ այդ խնդիրը կվատթարանա՝ թույլ չտալով ինձ գիշերները շնչել եւ նորմալ քնել», - խոստովանեց նա:
Հաջորդ 2 շաբաթների ընթացքում Նվարդն ուշքի չէր գալիս, գլխում շարունակ «կախարդական փայտիկի» մասին բժշկի խոսքն էր պտտվում: Սակայն հետո նա իրեն հավաքեց եւ որոշեց, որ չի կարելի հանձնվել, անհրաժեշտ է շարունակել փնտրել՝ գուցե հայտնվի մի բժիշկ, որն իրեն կկարողանա օգնել:
Ծանոթները շուտով խորհուրդ տվեցին դիմել երիտասարդ բժիշկ Հայկ Պապիկյանին: Բժշկի տարիքը Նվարդին չէր շփոթեցնում. երիտասարդ շատ բժիշկներ նրան դրական եւ հաճելի մարդիկ են թվացել:
Նվարդին զննելով՝ բժիշկ Պապիկյանն ասել է, որ նրա խնդիրը հնարավոր է լուծել, սակայն վիրահատություն է անհրաժեշտ, որը բարդ եւ երկարատեւ կլինի: Իսկ հետո նաեւ երկարատեւ վերականգնում կպահանջվի: Հետագա ամիսների ընթացքում նրա համար հաստատապես հեշտ չի լինի. առաջին մի քանի օրերին նա չի կարողանա խոսել, այնուհետեւ 45 օր չի կարողանա ոչ մի բան ուտել, իսկ վերջնարդյունքը կպարզվի միայն մեկ տարի հետո:
Բոլոր կողմերն ու դեմերը նժարին դնելուց հետո Նվարդը վիրահատությանը համաձայնվեց: Եվ սկսվեց նրան վիրահատությանը նախապատրաստելը, որը մոտ 2 շաբաթ տեւեց. նրան հետազոտեցին բժիշկ Պապիկյանը, նրա հայրը՝ բաժանմունքի ղեկավարը եւ նրանց գործընկերները, որպեսզի հասկանան, թե վիրահատության ժամանակ ինչպես եւ ինչ պետք է անեն:
Վիրահատությունը կատարվել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին եւ տեւել է 6,5 ժամ: Բայց Նվարդին սպասվող ամենադժվարը առջեւում էր՝ երկարատեւ վերականգնում, ինչպես նրան ի սկզբանե էին ասել: Ամեն ինչ ընթացավ հենց այնպես, ինչպես նրան նախազգուշացրել էին. երկար ժամանակ նրա ծնոտը պահվում էր մետաղական հատուկ կառուցվածքով: Նա ուտել չէր կարողանում, միայն ջուր էր խմում եւ հեղուկ ճաշեր, իսկ սովորական կերակուրի համը հասցրել էր անգամ մոռանալ:
«Այդ ամեն ինչով անցնելուն ինձ օգնեց իմ բժշկի հոգատարությունը: Վիրահատությունից հետո, երբ վատ էի զգում, սրտխառնոց ունեի, նա ինձ գդալով էր ջուր տալիս: Դա ոչ թե բուժքույրերը կամ սանիտարներն էին անում, այլ ինքը բժիշկը: Ես աչափ զգացված էի: Իսկ երբ ինձ վիրակապում էին, բժիշկը գլուխս էր պահում», - այժմ հիշում է Նվարդը:
Անցել է մեկ տարի, եւ Նվարդը կարող է համոզված ասել, որ վիրահատության արդյունքից շատ գոհ է: Հիմա նրա ծնոտը շատ ավելի լավ տեսք ունի, քան նախկինում, իսկ շնչառությունը կարգավորվել է, ինչի շնորհիվ նա արդեն կարող է հանգիստ քնել: Հետաքրքիր է, որ նրա ծնոտին ոչ մի սպի չի մնացել՝ ամբողջ վիրահատությունը կատարվել է բերանի ներսում:
«Եթե ես հավատայի «կախարդական փայտիկին» եւ կանգ առնեի, ապա դատարկաձեռն կմնայի: Հիմա արդյունքից շատ գոհ եմ՝ արտաքինից էլ ծնոտս ավելի լավ տեսք ունի, քան նախկինում, եւ շնչառության խնդիրն էլ լուծվել է», - ասաց Նվարդը, որը EUROPA DONNA ARMENIA կազմակերպության խնամառուների ղեկավարն է:








