Հոնկոնգում հայտնաբերվել է այս ամիս H7N9 թռչնագրիպով մարդու վարակման 2-րդ դեպքը։ Այս մասին հայտնում է Առողջության պահպանման տեղական կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն՝ վիրուսը հայտնաբերվել է Հոնկոնգի 70-ամյա բնակչի մոտ, որի մոտ հիվանդության սուր նշաններն ի հայտ էին եկել դեկտեմբերի 26-ին։ Դեկտեմբերի 28-ից տղամարդը հիվանդանոցներից մեկի մեկուսացված բաժանմունքում է գտնվում։ Ավելի վաղ նա եղել էր Գուանդունի նահանգի Շենչժենե եւ Չժունշանե քաղաքներում եւ Հոնկոնգ էր վերադարձել դեկտեմբերի 16-ին։ Հիվանդի խոսքով՝  ինքը կարող էր վարակվել Չժունշան քաղաքում կենդանի թռչնի փողոցային վաճառքի կետերից մեկում։ Բացի այդ, նա նաեւ գրիլ հավ էր գնել Հոնկոնգի շրջաններից մեկում։ Այս պահին բժիշկները դեռեւս փորձում են պարզել վարակման կետերը։ Դեպքի մասին կհաղորդվի ԱՀԿ–ին եւ Գուանդուն նահանգի իշխանություններին ու Չինաստանի Մակաո հատուկ վարչական կենտրոնինի։

Հիշեցնենք, որ Չինաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում թռչնագրիպով (H7N9) վարակվելու 8 դեպք է արձանագրվել: Հիվանդներից 2-ը մահացել են:

Անհոյ նահանգի առողջապահության եւ ընտանիքի պլանավորման հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 8-ից ի վեր նահանգում թռչնագրիպով մարդու վարակվելու 5 դեպք է գրանցվել, 2-ը՝ մահվան ելքով:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ մահվան դեպքերից մեկը գրանցվել է Հեֆեյ քաղաքում, մյուսը՝ Սյուանչենում:

Թռչնագրիպով մյուս երեք հիվանդների վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Վերջին շաբաթվա ընթացքում Չինաստանում թռչնագրիպի վիրուսով վարակվելու երեք դեպք է արձանագրվել նաեւ Շանհայում, Սյամենում (Ֆուցզյան նահանգ) եւ Հոնկոնգում:

Մարդու մոտ H7N9-ով հիվանդացության առաջին դեպքը Չինաստանում ախտորոշվել է 2013 թվականի մարտին:

ԱՀԿ տվյալներով՝ թռչնագրիպը թռչունների վիրուսային ինֆեկցիոն հիվանդություն է, որն հաճախ ընթանում է առանց նախանշանների։ Որոշ դեպքերում վիրուսը կարող է վարակել մարդկանց եւ կենդանիներին։