Նյու Յորքում գրանցվել է կատվից թռչնի գրիպով մարդու վարակման աշխարհում առաջին դեպքը: Կենդանիների տեղական ապաստաններից մեկում կատուն վարակվել է այդ գրիպով, ըստ երեւույթին՝ թռչնից, եւ այն փոխանցել է անասնաբույժներից մեկին: Կատուն թույլ էր, հիվանդությունը վատ էր հաղթահարում, եւ արդյունքում ստիպված էին նրան սպանել: Անասնաբույժը, սակայն, գրիպի թեթեւ ձեւով է հիվանդացել եւ արդեն առողջացել է: Այս շաբաթվա ընթացքում ավելի քան 100 կատվի արյան մեջ H7N2 գրիպի շտամ է հայտնաբերվել: Նրանցից առնվազն 40-ը ապրում է այն ապաստանում, որտեղ անասնաբույժը վարակվել է: Առողջապահության տեղական դեպարտամենտից հայտնել են, որ վարակումն առաջացել է միեւնույն տեղում հիվանդ կենդանիների մեծ կուտակման պատճառով, եւ այն պատճառով, որ բժիշկը մշտապես շփվել է նրանց արտազատումների հետ: Ապաստանի 350 աշխատակիցների եւ նրանց շրջանում, ովքեր ապաստանից կատու են վերցրել, գրիպը հաստատվել է միայն մեկի մոտ: Թե կատուն ինչ ճանապարհով է վարակվել՝ հայտնի չէ: Անասնաբույժների կանխատեսումներով՝ մյուս հիվանդ կենդանիները շուտով կառողջանան: Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտից հայտարարել են, որ չարժե խուճապի մատնվել, քանի որ կատուներից այդ գրիպով վարակվելու հավանականությունը չնչին է: Սակայն անհրաժեշտ է հետեւել ձեռնասուն կենդանիներին, եւ եթե գրիպին նման ինչ-որ բանով հիվանդանան, նրան թույլ չտան տիրոջ դեմքը լիզել: Շների եւ ճագարների համար նախատեսված քաղաքային ապաստաններում անցկացված թեստերով գրիպի վիրուս չի հայտնաբերվել:
Աշխարհում առաջին անգամ մարդը կատվից թռչնի գրիպով է վարակվել






