Որոշ հիվանդությունների դեպքում հիվանդները ստիպված են կանոնավորապես համակարգչային տոմոգրաֆիա կատարել: Նրանցից ոմանց մոտ հարց եւ մտահոգություն է առաջանում այս միջամտության անվտանգության առումով, քանի որ համակարգչային տոմոգրաֆիան ուղեկցվում է օրգանիզմի ճառագայթահարմամբ: Որքանո՞վ են այդ մտահոգությունները հիմնավորված: Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության ղեկավար Նաինա Հակոբյանի հետ:
Մասնագետի խոսքով՝ իհարկե, ճիշտ չէ առանց լուրջ հիմնավորման համակարգչային տոմոգրաֆիա կատարելը: Սակայն ՀՏ հետազոտությունը, որպես կանոն, հիվանդին նշանակվում է կենսական ցուցումների հիման վրա, երբ նրա հիվանդության ախտորոշման կամ բուժման արդյունավետությունը գնահատելու համար տվյալներ են անհրաժեշտ, որոնք կարելի է ստանալ միայն ՀՏ միջոցով: Այսպիսով, այս հետազոտությունը կատարվում է միայն այն ժամանակ, երբ առանց դրա անհնար է, եւ երբ դրանից ակնկալվող օգուտն շատ ավելի մեծ կլինի, քան հնարավոր վնասը:
Համակարգչային տոմոգրաֆիան (կոնտրաստով կամ առանց) կարող է անհրաժեշտ լինել մի ամբողջ շարք սիրտ-անոթային հիվանդությունների, ուռուցքների, որոշ բնածին արատների եւ վնասվածքների ախտորոշման համար: Որոշ դեպքերում ՀՏ-ն օգտագործվում է բուժման արդյունավետության գնահատման նպատակով (օրինակ՝ քաղցկեղային ուռուցքները բուժելիս): Այս բոլոր դեպքերում ՀՏ կարելի է եւ անհրաժեշտ է այնքան կատարել, որքան կպահանջվի, համոզված է մասնագետը: Եթե նույնիսկ հիվանդը ամբողջ ամսվա ընթացքում օրումեջ ՀՏ կատարի, այս հետազոտությունների հետեւանքով բարդությունների վտանգը նվազագույն է: Մասնագետը նշեց, թե ավելին՝ ոչ մի տվյալ չկա, որ բազմակի ՀՏ սքանավորումից հետո հիվանդների մոտ ճառագայթման հետեւանքով խնդիրներ կամ բարդություններ են առաջանում, հակառակը՝ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ հաճախակի արված ՀՏ-ն առողջության համար վտանգավոր չէ:
Արժե նաեւ նշել, որ ժամանակակից ՀՏ սքաներների ճառագայթման չափաքանակը ծայրահեղ փոքր է. Նաինա Հակոբյանը նշեց, որ «Աստղիկ» ԲԿ-ում տեղադրված Siemens Somatom Definition Flash-ի նման սքաների ճառագայթման չափաքանակը 85 տոկոսով փոքր է, քան ընդամենը 5-10 տարի առաջ օգտագործվող սքաներների դեպքում էր: Ըստ որում՝ հին սքաներների ճառագայթման չափաքանակները եւս թույլատրելի եւ մարդու համար անվտանգ էին համարվում:
«Թվում է, թե ՀՏ-ն պետք է հիվանդին ավելի շատ ճառագայթահարեր, քան ռենտգենը, հատկապես թվային ռենտգենը, սակայն ժամանակակից ՀՏ սարքերով ամբողջ մարմնի լիակատար սքանավորումը նրան ճառագայթահարում է գրեթե այնքան, որքան ռենտգեն մեկ հետազոտությունը», - նշեց մասնագետը:






