Վիետնամի Թխայնգուեն նահանգի կլինիկայի բժիշկները դեկտեմբերի 30-ին 54-ամյա տղամարդու որովայնից հանել են վիրահատական մկրատ, որը պատահաբար այնտեղ էր մնացել 18 տարի առաջ արված վիրահատության ժամանակ։ Այս մասին հայտնում է տեղական Tuoi Tre պարբերականը։
Վթարի ենթարկվելուց հետո տղամարդուն ուլտրաձայնային հետազոտություն են արել, որի արդյունքում էլ հայտնաբերել են «սուր գործիք, որը գտնվում էր նրա որովայնի ձախ մասում»։ Երկրորդ ստուգումը՝ հարեւան նահանգի հիվանդանոցում, հաստատել է նրանց կասկածները՝ որովայնում, հաստ աղիքի մոտ, 15 սմ երկարության վիրահատական մկրատ էր, հայտնում է BBC–ն։
Մա Վան Նյաթը ասում է, որ մկրատը հավանաբար բժիշկներն են մոռացել 1998-ին, երբ դարձյալ վթարից հետո նրան վիրահատություն էին արել։ Նա որեւէ գանգատ չի ունեցել այս տարիներին, միայն վերջերս էր սկսել որովայնում ցավ զգալ, որը ցավազրկող դեղորայքից չէր անցնում։
Վիրաբույժները, որոնք մկրատի հեռացման համար երեք ժամ տեւողության վիրահատություն են արել, հայտնել են, որ մոռացված մկրատի ժանգոտած բռնիչները արդեն սկսել էին «կպնել» որոշ հարակից օրգանների։
Այս տարօրինակ պատմության մեղավորներին գտնելը բավականին բարդ է, հայտնել են կլինիկայից։ Վիետնամում հիվանդության պատմությունն ու վիրահատությունների մասին գրառումները ընդամենը 15 տարի են պահվում։






