Այս տարի ամանորյա տոների ընթացքում Երեւանի շտապ օգնության ծառայությունը սննդային թունավորման դեպքով ոչ մի կանչ չի ստացել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:
Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի տոնական 10 օրերի ընթացքում սննդային թունավորման պատճառով 2 կանչ է գրանցվել:
Ընդհանուր առմամբ՝ ամանորյա տոներին շտապ օգնությունը 7.544 կանչ է ստացել. նախորդ տարվա համեմատ՝ 971-ով պակաս: Կանչերի մեծ մասը եղել է գրիպի եւ սուր շնչառական վարակների պատճառով, սակայն դրանց թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քիչ է եղել:
Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ տոնական օրերին շտապ օգնության 36 բրիգադներ սպասարկել են շուրջ 750 կանչ. օրական ավելի քան 20 կանչ՝ մեկ բրիգադի համար: Ամբողջ տարվա ընթացքում շտապ օգնությունն օրական միջինը շուրջ 700 կանչ է ստացել: Եղել են, սակայն, ամիսներ, երբ կանչերի թիվը հասել է 900-950-ի (օրինակ՝ 2016 թվականի հունվարին եւ նոյեմբերին): Համեմատության համար. 2010 թվականին ամենօրյա կանչերի թիվը չի գերազանցել 400-ը:






