Բժիշկները վիրահատել են ողնաշարային երակի անեւրիզմ ունեցող Պերմի 15-ամյա բնակչին, որի պատճառով պատանին մի քանի իշեմիկ կաթված է տարել:

Պերմի №11 բուժկենտրոնի բժիշկները նախկինում երեխայի համար այդքան հազվագյուտ հիվանդության չեն բախվել, այդ պատճառով նրանց օգնության է եկել ակադեմիկոս Մեշալկինի անվան Սիբիրի դաշնային բիոբժշկական հետազոտական կենտրոնի նեյրովիրաբույժ Կիրիլ Օռլովը:

«Նա (հիվանդը) 15 տարեկան է, նրա մոտ ողնաշարային երակի անեւրիզմ էր: Առանձնահատկությունն այն է, որ այդ անեւրիզմները սովորաբար արյան զեղման են հանգեցնում, իսկ այս դեպքում դրանում թրոմբեր էին կազմավորվում, որոնք արդեն հայտնվում էին ուղեղի անոթներում եւ իշեմիկ կաթված առաջացնում: Նա մի քանի կաթված է տարել»,- պարզաբանել է վիրաբույժը:

Նրա խոսքով՝ կաթվածի կրկնման բարձր վտանգի պատճառով պատանին վիրահատության կարիք ուներ, այդ պատճառով որոշվել է այն անհապաղ կատարել՝ ամանորյա տոներին:

Վիրահատությունը շուրջ 30 րոպե է տեւել, մասնագետների գնահատմամբ՝ հաջող է անցել: Ժամանակի ընթացքում անեւրիզմն ամբողջությամբ կվերանա, իսկ եւս մեկ կաթվածի վտանգ այլեւս չկա:

Հիմա տղան լավ է զգում: Նա մոր հետ սովորական հիվանդասենյակում է, մարմնամարզությամբ է զբաղվում, պատրաստվում է այս շաբաթ դուրս գրվելուն: Շուտով նա կկարողանա դպրոց վերադառնալ:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նման վիրահատությունն ավելի քան 1 մլն ռուբլի արժե, սակայն հիվանդին այն անվճար են արել: