Ո՞ւր դիմել առաջին հերթին, եթե երեխան հիվանդ է: Անմիջապես վազել հիվանդանո՞ց, թե՞ տեղամասային պոլիկլինիկա: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի  ավագ մասնագետ Լիանա Թորոսյանը  NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ եթե երեխայի մոտ գրիպի կամ շնչառական այլ հիվանդությունների ախտանշաններ կան, միանգամից  հիվանդանոց գնալ չարժե, ավելի լավ է սկզբում դիմել պոլիկլինիկա:

 «Պետք չէ դիմել հիվանդանոց, եթե երեխան հազում կամ փռշտում է, դրա համար գոյություն ունեն ամբուլատոր հաստատությունները», - ասաց նա:

Լիանա Թորոսյանի խոսքով՝ վերջին ժամանակներս ծնողները սկսել են հազվադեպ դիմել պոլիկլինիկաներ եւ ավելի հաճախ՝ հիվանդանոցներ, թեեւ հիմնականում դրա անհրաժեշտությունը չկա:  Ըստ մեր զրուցակցի՝ չպետք է մոռանալ, որ երեխայի առողջության վերահսկողությամբ զբաղվում է տեղամասային մանկաբույժը, եւ նա շատ ավելի լավ գիտի տվյալ երեխայի առանձնահատկությունները, առողջական խնդիրները: Այդ տեղեկությունները նրան կօգնեն ճիշտ բուժում նշանակել: Իսկ եթե երեխային հիվանդանոց տեղափոխելու կարիք լինի, պոլիկլինիկայում  ծնողներին այդ մասին կզգուշացնեն:

Միանգամից հիվանդանոց դիմելն ինչո՞ւ է վատ գաղափար:

Առաջին հերթին, չարժե հիվանդանոց գնալ, քանի որ շատ հավանական է, որ երեխայի մոտ սովորական հարբուխ է, այլ ոչ թե վիրուսային հիվանդություն: Իսկ հիվանդանոցում հաստատ վարակակիր երեխաներ կլինեն, երեխան էլ կվարակվի:

Ըստ Լիանա Թորոսյանի՝ հայ ծնողները հաճախ են պահանջում հիվանդանոց պառկացնել երեխաներին՝ ի հակառակ բժիշկների առարկություններին եւ երեխային տուն ուղարկելու նրանց ցանկությանը: ծնողների անհանգստությունը կարելի է հասկանալ, սակայն ըստ Թորոսյանի, նման մոտեցումը սխալ է եւ կարող է միայն վնասել երեխային՝ վերոնշյալ պատճառով:  

Մյուս կողմից էլ, եթե դուք տեղամասային պոլիկլինիկա եք դիմել, հետեւեք, որպեսզի բժիշկը զննի երեխային եւ անհրաժեշտ բուժում նշանակի, իսկ հետո հստակ հետեւեք հրահանգներին: NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ընդհանուր մանկաբուժության բաժնի վարիչ Զոհրապ Խանիկյանցն էլ հայտնեց, որ այսօր հիվանդանոցներում ամենից հաճախ հայտնվում են այն երեխաները, որոնք չեն բուժվել տեղամասային պոլիկլինիկաներում: