Նացիստ հանցագործ Յոզեֆ Մենգելեի կմախքը, որը Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի կալանավորների վրա բժշկական փորձեր է անցկացրել, Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքի բժշկական ինստիտուտի ուսանողների համար ցուցադրական պիտույք է դարձել, հայտնում է Guardian-ը:
Մահվան հրեշտակ անվանակոչված Մենգելեն, որի զոհն են դարձել տասնյակ հազարավոր կալանավորներ, պատերազմից հետո փախել է Լատինական Ամերիկա եւ օվկիանոսում լողալիս կաթվածից մահացել է 1979 թվականին:
1985 թվականին Մենգելեի աճյունը նույնականացրել է բժիշկ Դանիել Ռոմերո Մունյոսը, որը մինչ օրս ինստիտուտում է պահպանվում, քանի որ նրա ազգականները չեն ցանկացել այն Գերմանիա տեղափոխել: «Ոսկորներն օգտակար կլինեն սովորեցնելու, թե ինչպես պետք է հետազոտել մարդու աճյունը եւ համեմատել նրա մասին եղած տվյալների հետ»,- պարզաբանել է Մունյոսը: Ուսանողներին հետաքրքրում են ոչ այնքան նացիստ հանցագործի սարսափազդու կենսագրությունը, որքան այն վնասվածքների մասին տեղեկությունները, որոնք նա ստացել է կենդանության օրոք:
«Օրինակ՝ հետազոտելով Մենգելեի աճյունը, մենք կոնքի ձախ մասում ճաք հայտնաբերեցինք, որը համապատասխանում է Օսվենցիմում մոտոցիկլետով վթարի հետեւանքով ստացած կոտրվածքին»,- ասել է բժիշկը: Դրանից բացի, ձախ այտոսկրին ոչ մեծ անցք կա, որը սինուսիտով հիվանդանալու հետեւանք է:






