Հայաստանում ամանորյա տոների ընթացքում ալկոհոլային խմիչքը չարաշահելու հետեւանքով երկու մարդ է մահացել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, տոների ընթացքում հանրապետությունում ծանր ալկոհոլային թունավորման 10 դեպք է արձանագրվել: Մասնագետի հավաստմամբ՝ պատճառը ոչ թե ալկոհոլի որակն է, այլ քանակը: Նշված 10 անձանցից 2-ը շատ ուշ են օգնության դիմել, եւ նրանց կյանքը փրկել չի հաջողվել:

Մահացածներից մեկը Երեւանի բնակիչ է, մյուսին հիվանդանոց են բերել հեռավոր շրջաններից: Երկուսն էլ տղամարդ են, շուրջ 50 տարեկան: Նրանք անտուն չեն եղել, երկուսն էլ ընտանիք են ունեցել:

Թունաբանը նաեւ նշեց, որ ալկոհոլային թունավորմամբ հիվանդանոցում հայտնվողների մեծ մասն ալկոհոլից կախվածություն ունեցող միջին տարիք տղամարդիկ են: Սակայն վերջին շրջանում նման դեպքեր են արձանագրվում նաեւ երիտասարդների, ինչպես նաեւ կանանց շրջանում:

Ընդհանուր առմամբ, ամանորյա տոների ընթացքում թունավորմամբ 30 մարդ է հոսպիտալացվել (2016 թվականի նույն ժամանակահատվածում նրանց թիվը 39-ն է եղել): Դեպքերից 6-ը գազից թունավորում է եղել, 10-ը՝ ալկոհոլային թունավորում: Մնացյալները թունավորվել են դեղամիջոցների եւ քիմիական միջոցների սխալ օգտագործման հետեւանքով: