Տխրահռչակ «Բոյարիշնիկի» նման բաղադրություններ Հայաստանում խմում են ոչ թե ալկոհոլամոլները, այլ այն մարդիկ, ովքեր փորձում են ինքնասպանություն կատարել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
2016 թվականին մոտ 400 մարդ դեղերի, քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների (առավել հաճախ՝ ֆոսֆորաօրգանական թունաքիմիկատների) թունավորմամբ հոսպիտալացվել է այն կլինիկայում, որտեղ աշխատում է Միքայել Գաբրիելյանը: Նրանցից 24 մարդ մահացել է: Մասնագետը նշեց, որ այդպիսի հիվանդները, որպես կանոն, ուտելու համար ոչ պիտանի քիմիական նյութերը պատահաբար չեն ընդունել, բայց ոչ էլ այն պատճառով, որ դրանք ալկոհոլ են պարունակում. նրանց մեծ մասը ցանկացել է ինքնասպան լինել: Մասնագետը նշեց, որ Հայաստանում, բարեբախտաբար չեն եղել դեպքեր, երբ ալկոհոլամոլությամբ տառապող մարդիկ այլ ըմպելիք չունենալով խմեն «Բոյարիշնիկի» նման քիմիկատներ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում գրանցվել է լոգանք ընդունելու համար նախատեսված «Բոյարիշնիկ» խտանյութից զանգվածային թունավորում: 150 տուժողներից արդեն 78 մարդ է մահացել:
Հիշեցնենք նաեւ, որ «Լեգատ» ՍՊԸ-ի արտադրած «Բոյարիշնիկի» լոգանքի խտանյութը փորձագետները երկու անգամ ալկոհոլին փոխարինող են ճանաչել: 2009 թվականին այս լուծույթը թեստավորել են Բուսական դեղամիջոցներ արտադրողների միության փորձագետները եւ հաստատել են, որ նրանում ամենեւին չի պարունակվում բոյարիշնիկի հյութ, բաղադրության մեջ միայն կերակրի էթիլային սպիրտ է (70,6 տոկոս պարունակությամբ), գլիցերին եւ ջուր:
2016-ի ամռանը նույն մթերքը հիշատակվել է Թաթարստանի արբիտրաժային դատարանի որոշման մեջ, որը կայացվել էր տեղացի անհատ ձեռնարկատիրոջ դեմ. «Լոգանք ընդունելու համար հեղուկ «Բոյարիշնիկի» խտանյութը կոսմետիկ միջոց չէ, այլ ջրով բացած էթիլային սպիրտ, որի մեջ էթիլային սպիրտի ծավալը 64,7 տոկոս է, ինչը հաստատվել է 2016 թվականի փետրվարի 17-ի №195 փորձագիտական հետազոտությամբ»:
Ըստ երեւույթին, Իրկուտսկում մարդիկ թունավերվել էին կեղծ մթերքից, որի բաղադրության մեջ, ինչպես արդեն հաստատվել է, մեթիլ սպիրտ եւ անտիֆրիզ է եղել, որից մահացու կոկտեյլ է ստացվել:






