2016 թվականին Հայաստանում գրանցվել է ալկոհոլային ըմպելիքից, շմոլ գազից, քիմիկատներից, թունաքիմիկատներից, բոտուլոտոքսինից եւ սնկերից թունավորման 991 դեպք: 2015 թվականին այսպիսի թունավորումներով 940 հիվանդ է եղել: Այս մասին լրագրողներին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
«Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորման բաժանմունք ընդունված յուրաքանչյուր երրորդ հիվանդն ունեցել է ալկոհոլային ծանր թունավորում, որն առաջացել է ալկոհոլի չարաշահման հետեւանքով: 2016 թվականին եղել է այդպիսի 363 հիվանդ: Նրանց մեծ մասը տառապում է քրոնիկական ալկոհոլամոլությամբ, սակայն նրանց թվում կան նաեւ մարդիկ, որոնք «պատահաբար» ավելի մեծ քանակով են ալկոհոլ օգտագործել, քան պետք էր: Այդ հիվանդներից չորսը մահացել են:
Միքայել Գաբրիելյանը նշեց, թե ավելին՝ ամեն տարի հունվարի 1-ին կլինիկա մտնող առաջին հիվանդն իրենց բաժանմունք է գալիս՝ ալկոհոլային թունավորմամբ: Դա սովորաբար տեղի է ունենում ժամը 12-ից հետո:
2016 թվականին Հայաստանում նաեւ գրանցվել է շմոլ գազից թունավորման 85 դեպք, որը շատ ավելի է, քան 2015 թվականին՝ 40 դեպք: Գլխավոր թունաբանի կարծիքով՝ այսպիսի թունավորումների թվի աճը կապված է ցուրտ եղանակի եւ այն բանի հետ, որ որոշ մարդիկ տոներին նախապատրաստվելիս երբեմն անվտանգության միջոցառումների մասին մոռանում են. պատահական չէ, որ շմոլ գազից թունավորումների դեպքերի մեծ մասը գրանցվել է հենց տոներից առաջ եւ տոների ժամանակ:
Անցյալ տարի թունավոր օձերի խայթոցի 97 դեպք է գրանցվել: Օձի խայթոցից մահվան դեպք չի եղել: 66 դեպքում հիվանդներին «հակագյուրզա» շիճուկ է ներարկվել:






