ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հրամանով երկու հանձնաժողով է ստեղծվել` հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման համակարգում բարեփոխումների առաջարկներ մշակելու նպատակով։

Արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման համակարգում բարեփոխումների առաջարկներ մշակող հանձնաժողովը կներկայացնի քաղաքային պոլիկլինիկաների եւ բժշկական ամբուլատորիաների օրինակելի կառուցվածքը, ընտանեկան բժշկի, թերապեւտի եւ մանկաբույժի կողմից սպասարկվող օպտիմալ բնակչության, ինչպես նաեւ այդ մասնագետների կողմից մեկ օրվա ընթացքում սպասարկվող պացիենտների թիվը, մեկ տարվա ընթացքում նրանց կողմից ըստ ուղղվածության (կանխարգելում, բուժում, երեխաներ, մեծահասակներ) սպասարկվող պացիենտների կառուցվածքի, ուղեգրման համակարգի բարեփոխմանն ուղղված կանոնակարգումների, էլեկտրոնային առողջապահության ներդրմանն ուղղված միջոցառումները եւ մոտեցումները։

Հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման համակարգերում բարեփոխումների առաջարկներ մշակող հանձնաժողովը կուսումնասիրի հիվանդանոցային ծառայությունների մատուցման մակարդակների որոշման չափանիշները, ըստ մակարդակների հիվանդանոցային ծառայությունների նվազագույն եւ առավելագույն փաթեթի ձեւավորման, այդ թվում` կադրային, սարքավորումներով եւ բժշկական գույքով հագեցվածության, ինչպես նաեւ հիվանդանոցային ծառայությունների որակի ապահովման համակարգի ներդրման, ներքին ընթացակարգերի օրինակելի ձեւերի մշակման, հիվանդանոցային ծառայությունների օպտիմալացման նպատակով լիցենզավորման գործիքի կիրառման, էլեկտրոնային առողջապահության ներդրման եւ իրականացման, կլինիկական ուղեցույցների եւ գործելակարգերի ներդրման, հիվանդանոցային ծառայությունների տարածքային եւ ժամանակային հասանելիության ուժեղացման եւ նոր մոտեցումների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում առկա խնդիրների լուծման, առաջնահերթ նպատակները եւ ծրագրերը հստակեցնելու, առանձին ոլորտների գործունեության բարելավման եւ արդյունավետության բարձրացման նպատակով դեռ անցած տարվա հոկտեմբերին ստեղծվել էր 4 հանձնաժողով: Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մշակվել են ոլորտի արդիականացման վերափոխումների, նոր մոտեցումներ ներդնելու առաջարկներ՝ համապատասխան ֆինանսական եւ կազմակերպական կարիքների գնահատմամբ: