Արյան եւ ոսկրածուծի փոխպատվաստումը կարող է սահմանափակել ուռուցքով հիվանդների սեռական ակտիվությունը, ասվում  է նոր հետազոտության մեջ:

Ցողունային բջիջների այս տեսակը  արդյունավետ է արյան քաղցկեղի՝ լիմֆոմայի, միելոմայի եւ լեյկեմիայի բուժման համար: Blood ամսագրի հոդվածներից մեկում հետազոտողները նշում են, որ չնայած ցողունային բջիջների փոխպատվաստման բարձր ռիսկին, ապրելիությունը անշեղորեն աճում է, եւ ներկայումս ավելի մեծ ուշադրություն են դարձնում կյանքի որակին, այդ թվում սեռական ակտիվությանը: «Հազվադեպ է պատահում, որ փոխպատվաստում իրականացնող անձնակազմը եւ հիվանդը միասին զրուցեն, թե ինչպես կարող է  ազդել նման միջամտությունը հիվանդի սեռական կյանքի վրա, նույնիսկ առողջացումից հետո»,- հայտարարել է առաջատար հեղինակ Լեննի Վոնգը City of Hope (Դուրատե, Կալիֆորնիա)-ից:

Նոր հետազոտությանը մասնակցել են միջինում 48 տարեկան 152 տղամարդ եւ 125 կին, որոնք  2001-ից  2005թթ ընկած ժամանակահատվածում ստացել են ցողունային բջիջների փոխպատվաստում, եւ նրանք երեք տարին գտնվել են հսկողության տակ: Տղամարդկանց տոկոսը, ովքեր պնդում էին, որ ունեցել են ակտիվ սեռական կյանք ընկել է 61%-ից միջամտությունից առաջ մինչեւ  54%-ը միջամտությունից հետո, իսկ կանանց շրջանում 37%-ից աճել է մինչեւ 52%:

Ամբողջ մարմնի ճառագայթում ստացած տղամարդկանց  մոտավորապես 18%-ը խոստովանել է սեռական ֆունկցիայի նվազման մասին, 32%-ը՝ սեռական բավարարվածության իջեցման, 26%-ը՝ ինչպես սեռական ակտիվության, այնպես էլ օրգազմի (հեշտանքի) որակի վատացման, իսկ 17%-ը խոստովանել են սեռական մղումների նվազեցման եւ  սեռական հարաբերությունների բացակայության մասին:

21%-ը այն տղամարդկանց, ում մոտ փոխպատվաստված ցողունային բջիջների մերժում է նկատվել (երբ օրգանիզմի իմունային համակարգը պայքարում է նոր բջիջների դեմ), հայտնել է սեքսուալ մտքերի եւ ֆանտազիաների նվազեցման մասին, իսկ 24%-ը՝ օրգազմի որակի վատացման մասին: Կանանց 27%-ը, ում մոտ զարգացել է ցողունային բջիջների մերժում, խոստովանել են, որ չեն զգում սեռական բավարարվածություն եւ կորցրել են հետաքրքրությունը սեքսի հանդեպ:

Ընդհանուր առմամբ հետազոտողները եկել են եզրահանգման, որ կանանց մոտ զարգանում են զգալիորեն ավելի վատ սեռական բնույթի բարդություններ, քան տղամարդկանց մոտ, չնայած այն հանգամանքին, որ կանանց մոտ փոխպատվաստումից հետո աճում է սեռական ակտիվությունը: Հետազոտողները եկել են եզրակացության, որ ցողունային բջիջների փոխպատվաստում  տարած մարդկանց կեսի մոտ դիտվում է սեռական պասիվություն միջամտությունից հետո երեք տարվա ընթացքում: