Նոյեմբերի 22-ից 29-ը հայաստանում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում տեղի ունեցավ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Եվրոպական շաբաթ: Օպերատիվ թեստերով ՄԻԱՎ-ի հայտնաբերման շարժական լաբորատորիաները շրջում էին ՀՀ շրջաններով ՝ բնակչությանը հնարավորություն ընձեռելով ստուգել վիրուսի առկայությունը: Նմանատիպ ակցիա տեղի կունենա նաեւ դեկտեմբերի 1-ին ՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը: Այդ մասին Հայաստանի Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատմեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
2002 թվականին Հայաստանի իշխանության կողմից ընդունվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առաջին ազգային ծրագիրը: Այդ ժամանակվանից երկրում նկատվել են զգալի ձեռքբերումներ վարակի տարածման կանխարգելման հարցում: Գրիգորյանը կրկին անգամ ընդգծեց, որ բուժումն իրենց մոտ անվճար է:
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, այսօր Հայաստանում գրանցված են 1586 ՄԻԱՎ վարակակիր: Ընդ որում հիվանդների ավելի քան 90%-ը գտնվում են դիսպանսեր բուժման, իսկ մոտավոր 573 հիվանդ՝ հակառետրովիրուսային բուժման մեջ: Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահվան ընդամենը 352 դեպք, որոնցից 60 կին, 7 երեխա:
Ամենից հաճախ Հայաստանում այս վարակը ձեռք են բերում հետերոսեքսուալ կապերի (60%) եւ թմրամոլության ժամանակ ոչ ստերիլ ներարկիչների օգտագործման միջոցով (30%): Գրանցվել են նաեւ վարակման դեպքեր նույնասեռական կապերի միջոցով, մորից երեխային եւ արյունով:
Ինչ վերաբերում է Հայաստանում հայտնաբերված «Արմենիկում» դեղամիջոցի կիրառման արգելքին, Գրիգորյանը հերքեց այդ լուրը, ասելով, որ «Արմենիկումը» ներկայումս օգտագործվում է ոչ միայն ՄԻԱՎ-վարակի բուժման ժամանակ, այլ նաեւ շատ ուրիշ վարակային հիվանդությունների եւ իմունային խանգարումների բուժման համար:






