Մի շարք հոգեբանական հետազոտությունների համաձայն՝ շատ ժամանակակից ընտանիքներ են բախվում նման խնդիրների եւ վեճերի, եւ դրանք սովորաբար գրեթե միանման են լուծում՝ ինչպես խառամուսնությամբ ընտանիքներում, այնպես էլ այն ընտանիքներում, որտեղ կողակիցները նույն ազգությանն են պատկանում: Սակայն խառնամուսնությամբ ընտանիքներում լուրջ խնդիրները կարող են երեւան գալ, երբ խոսքը վերաբերում է երեխաների դաստիարակությանը: Այս մասին լրագրողներին ասաց հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:
Մշակութային առանձնահատկությունները
Մասնագետը նշեց, որ խառնամուսնությունը մի շարք մարտահրավերներ է ենթադրում, որոնք կապված են կողակցին որպես անհատ ընդունելու հետ եւ նրա ազգի ու երկրի, որտեղ մեծացել է, մշակութային յուրահատկությունները ընդունելու հետ: Եթե կողակիցներին հաջողվում է միմյանց հեշտ հարմարվել եւ այդ մշակութային յուրահատկությունները ընդունել, նրանց մոտ, որպես կանոն, ամեն ինչ նորմալ է լինում, եւ նրանց հաջողվում է իրար հետ միանգամայն լավ ընդհանուր լեզու գտնել, ամենեւին ոչ վատ, քան այն ընտանիքներում, որտեղ կողակիցները ծնվել են եւ դաստիարակվել նույն երկրում: Սակայն եթե երկրի, որտեղ կողակիցները մեծացել են, մշակութային առանձնահատկությունները միմյանցից շատ են տարբերվում, իսկ իրենք կողակիցները չեն կարողանում մինչեւ վերջ ընդունել միմյանց յուրահատկությունները, վաղ թե ուշ դա ընտանիքում վեճեր եւ խնդիրներ է առաջացնում:
Երեխաների դաստիարակությունը
Առավել հաճախ այդպիսի վեճեր են առաջանում երեխաների դաստիարակության հետ կապված, քանի որ մշակութային տարբեր արժեքների կրողները կարող են դաստիարակության վերաբերյալ շատ տարբեր մոտեցումներ ունենալ: Նման խնդիրները շատ ավելի պակաս են լինում, եթե կողակիցների ազգերը մշակութային եւ կրոնական իմաստով միմյանց մոտ են:
Հոգեբանը ներկայացրեց իր այցելուների պատմությունը, որոնց հետ նա աշխատել էր որոշ ժամանակ առաջ: Դեռեւս մինչեւ ամուսնանալը հայուհի կինը եւ հինդուս ամուսինը որոշել էին, որ ըմբռնումով կմոտենան եւ՛ հայկական, եւ՛ հնդկական մշակույթին, սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Երբ նրանք երեխա ունեցան, կինը ցականում էր նրան հայկական ավանդույթով մկրտել, իսկ ամուսինն արգելում էր երեխայի հետ եկեղեցի գնալ եւ պահանջում էր, որ նրան հնդկական ավանդույթներով դաստիարակեն: Արդյունքում այդ վեճերը հարաբերությունների խզում առաջացրին:
Նրանց երեխաների խնդիրները
Մասնագետը նշեց, որ խառնամուսնություններից ծնված երեխաների մոտ որոշ դեպքերում կարող են էթնիկ ինքնանույնականացման խնդիրներ առաջանալ, եթե չեն կարողանում հասկանալ, թե իրենց որ ազգին պետք է վերագրեն եւ որ երկրի սոցիալական նորմերին պետք է հետեւեն: Երբեմն համանման խդիրներ ունեցող երեխաները կանգնում են հանցավոր ճանապարհի վրա:
Իհարկե, այս ամենը չի նշանակում որ խառամուսնությամբ ցանկացած ընտանիք կարող է բախվել նշված խնդիրներին. ի վերջո, պետք է հասկանալ, որ ամեն ինչ անհատական է, եւ ամուսնական երջանկությունը կախված է ոչ թե կողակիցների ազգությունից, այլ թե նրանք որքան ջանք են ներդնում իրենց երջանկության համար:






