«Խորհուրդ մեծ եւ սքանչելի, որ յայսմ աւուր յայտնեցաւ, Հովիւքն երգեն ընդ հրեշտակս՝ Տան աւետիս աշխարհի». հնչեց շարականը, հետո քահանան խաչով երիցս օրհնեց հացը, աղը եւ ջուրը՝ «Այս ջուրը թող լինի առողջություն պարգեւող ջուր»։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տնօրհնեքի արարողություն կատարվեց՝ բուժկենտրոնի նորանշանակ հոգեւոր տեսուչ Տեր Թադեոս քահանա Թադեւոսյանի եւ Մայր Աթոռից այցելած երեք միաբան սարկավագների կողմից:
Այնուհետեւ քահանան իր օրհնությունը տվեց Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին ու բժիշկներին, այցելեց բոլոր հիվանդներին՝ բաժանելով օրհնված հացը, աղը եւ ջուրը։
Տեր Թադեոս քահանա Թադեւոսյանի խոսքով, տարվա մեջ կա երկու շրջան՝ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության, երբ տնօրհնյաց կարգ է կատարվում։ Քահանաներն այցելում են հավատացյալների տներ եւ Սուրբ Ծննդյան ու Սուրբ Հարության Ավետիսը փոխանցում։ Դրան զուգահեռ՝ նաեւ տնօրհնյաց կարգ է կատարվում, օրհնում են տան բարիքներն ու տան բնակիչներին, մաղթում, որպեսզի մարդասեր Աստված օրհնի նրանց, ապաքինի եւ բարգավաճ կյանք պարգեւի։
«Այս շրջանին տնօրհնյաց արարողություններ ոչ միայն տներում են կատարվում, այլեւ հաստատություններում, որտեղ մեծ թվով մարդիկ են աշխատում, եւ մեծ ընտանիքներ են ձեւավորվել։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մեծ ընտանիքի է նման, քանի որ մարդիկ այստեղ միասին աշխատում են եւ միասին հաջողում, Աստծուն հաճելի գործեր են կատարում՝ Աստծո զորությամբ եւ պահպանությամբ տկար մարդկանց առողջություն պարգեւելով։ Այսօրվա ջրօրհնյաց եւ տնօրհնյաց արարողությունը կատարեցինք, որպեսզի մանկացյալ Աստված գա եւ բնակվի այս պատերից ներս, խաղաղություն պարգեւի այս պատերից ներս բնակվող մարդկանց։ Նաեւ գա ու բնակվի բժիշկների սրտերում, իրենց սրտերին խաղաղություն պարգեւի, նաեւ ծառայության ոգի ավելացնի, որպեսզի մեր բժիշկները, էլ ավելի զորացած մանուկ Հիսուսով, շարունակեն իրենց ազգանվեր եւ աստվածահաճո գործունեությունը»,- ասաց նա։
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը հիշեցրեց, որ երկու տաղավար տոների ժամանակ՝ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության, տնօրհնեքի արարողություն է կատարվում, եւ հավելեց. «Քանի որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մեր բոլորիս տունն է, ապա այստեղ եւս կատարում ենք այդ ծեսը»։
«Ես շատ կարեւորում եմ հոգեւորը բժշկի աշխատանքում։ Թվում է, թե բժիշկն աշխարհիկ մարդ է, բայց եթե բարձրագույն հոգեւոր եւ բարոյական արժեքներ չունենաս, երբեք չես կարող դառնալ բարձրակարգ բժիշկ։ Ի սկզբանե հոգեւորն է, բարոյականը, այնուհետեւ՝ գիտությունը, կրթությունը եւ մնացածը»,- ասաց նա։
[gallery id=82]
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի






