Սրտանոթային հիվանդություններն իրականում չեն երիտասարդանում, ուղղակի բժշկությունը զարգանում է եւ կարողանում է ավելի վաղ հայտնաբերել դրանք։ Այս կարծիքն է արտահայտել «Քանկոր» սրտանոթային բուժկենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանը՝ մարտի 27-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։
«Դուք բազմաթիվ հարցազրույցների ժամանակ կլսեք այդ պոպուլյար արտահայտությունը, որ հիվանդությունները երիտասարդանում են, բայց այդպիսի բան գոյություն չունի։ Գոյություն ունի բժշկության հնարավորությունների ընդլայնում, դիագնոստիկ մեթոդների հնարավորությունների մեծացում, որոնց շնորհիվ հիվանդույթունը կարելի է ավելի վաղ հայտնաբերել», - ասաց նա լրագրողներին։
Այսպիսով, Շահեն Խաչատրյանի կարծիքով, հիվանդանոցներում բուժվող երիտասարդների թվի մեծացումը կապված է հենց բժշկության նոր հնարավորությունների հետ, որոնց շնորհիվ սրտանոթային հիվանդությունները ավելի վաղ են ախտորոշվում եւ ավելի վաղ են սկսում բուժել։
«Այդ «երիտասարդացում» բառը գիտականորեն դեռ փաստված չի», - ասաց Խաչատրյանը։
Ընդհակառակը, ըստ Խաչատրյանի, Հայաստանում մարդկանց կյանքի միջին տեւողությունը երկարել է՝ նույնպես բժշկության ոլորտում նոր նվաճումների շնորհիվ։
«80-ականների վերջերին եւ 90-ականների սկզբում մարդու միջին տարիքը տատանվում էր 64-65 տարեկանի սահմաններում։ Այսօր տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 72-73 տարեկան է, եւ դա բժշկության հաջողությունն է», - ասաց Խաչատրյանը։
Ինչպես նշեց Խաչատրյանը, 90-ականների սկզբից մինչեւ հիմա Հայաստանում մոտ 30 000 սրտանոթային խնդիրներ ունեցող մարդ է վիրահատվել։ Նախքինում այդ մարդիկ կմահանային, քանի որ բժշկությունը նրանց ոչինչով չէր կարողանա օգնել, բայց այսօր այդ մարդիկ ապրում են, եւ դրա շնորհիվ մարդկանց կյանքի միջին տեւողությունը երկրում բարձրանում է։






