Վրաստանում սխալմամբ ողջ մարդուն դրել են հանգուցյալների էլեկտրասառցարան: Գիշերը հիվանդը մահացել է, սակայն դեռեւս հայտնի չէ՝ արդյո՞ք նրա մահվան պատճառը սառցարանում մնալն է եղել, թե՞ առողջական խնդիրները, որոնց պատճառով կարծել են, թե մահացել է:
Kutaisi Today-ը հյտնում է, որ շտապ օգնության խումբը Քութաիսիում կանչով ժամանելով տներից մեկը, սխալմամբ հիվանդի մահ է արձանագրել, ում անունը չի հաղորդվում: Տղամարդուն հետո տեղավորել են հանգուցյալների էլեկտրասառցարանի մեջ:
Ավելի ուշ ընտանիքի անդամներից մեկը նկատել է, որ սառցարանի ապակու մակերեւույթը գոլորշով է ծածկվել, ինչը նշանակում է, որ սառցարանում գտնվող տղամարդը շնչել է: Պարզվել է, որ տղամարդը դեռեւս ողջ է: Ընտանիքի անդամները բացել են սառցարանի կափարիչը եւ շտապ օգնության այլ խումբ են կանչել, որը տուժողին Քութաիսիի շրջանային հիվանդանոց է տեղափոխել:
Գործակալության տեղեկացմամբ՝ տղամարդուն ամբողջ գիշեր անհետաձգելի բժշկական օգնություն է ցուցաբերվել, բայց նա վախճանվել է: Առայժմ հայտնի չէ, թե տղամարդը հատկապես ինչ խնդիր է ունեցել եւ արդյո՞ք սառցարանում մնալն է եղել նրա մահվան պատճառը:






