Հայաստանում սրտաբանական կլինիկաների թիվն ավելի մեծ է, քան երկրի պահանջարկը։ Այս մասին հայտարարեց «Քանկոր» սրտանոթային բուժկենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանը՝ մարտի 27-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։

«Իմ կարծիքով, Հայաստանում սրտաբանական կլինիկաները մի քիչ ավելի շատ են, քան պահանջարկն է», - ասաց նա եւ ավելացրեց, որ դա ունի թե դրական, թե բացասական կողմեր։

«Եթե կլինիկաները ծանրաբեռնված չեն աշխատում, նրանք որակավորման իմաստով հետ են մնում, որովհետեւ բժիշկը պետք է գոնե մինիմալ քանակությամբ վիրահատություններ կատարի եւ որոշակի ծանրաբեռնվածություն ունենա», - ասաց Շահեն Խաչատրյանը։

Մյուս կողմից, Խաչատրյանի կարծիքով, ուրախալի է, որ Հայաստանում սրտաբանական կլինիկաները շատ են, քանի որ երկրում լավ մասնագետներ կան։ «Սրտի որակյալ մասնագետ ստեղծելը բավական բարդ խնդիր է՝ տարիներ են անհրաժեշտ, որպեսզի ուսանողը սրտաբան դառնա», - ասաց Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի՝ սրտաբանության ոլորտը Հայաստանում լավ զարգացած է, իսկ «սրտաբանական հիվանդությունների բուժման համար բացի սրտի փոխպատվաստումից ամեն ինչ արվում է»։ Սրտի փոխպատվաստումն էլ չի արվում ոչ թե այն պատճառով, որ դժվար վիրահատություն է, այլ որովհետեւ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան։

Խաչատրյանի խոսքով՝ զարգացած երկրներում կան հատուկ հանձնաժողովներ, որոնք որոշում են, թե ով կարող է դառնալ սրտի դոնոր. այդ դոնորը պետք է միանշանակ մահացու հիվանդություն ունենա։ Հայաստանում այդպիսի վիրահատություններ ներդնելը դեռ վաղ է, քանի որ հնարավոր են չարաշահումներ։