Հայաստանի առողջապահության համակարգում առկա խնդիրների լուծման, առաջնահերթ նպատակները եւ ծրագրերը հստակեցնելու, ինչպես նաեւ առանձին ոլորտների գործունեության բարելավման եւ արդյունավետության բարձրացման նպատակով 2016թ. հոկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովներից մեկը մշակում է կլինիկական ուղեցույցները եւ պացիենտի վարման գործելակարգերը։
Մեր երկրում կլինիկական մի շարք մասնագիտությունների գծով, իհարկե, առկա են բժշկական ուղեցույցներ եւ գործելակարգեր։ Սակայն, փորձագետներն այն կարծիքին են, որ դրանք արմատական արդիականացման եւ ապացուցողական բժշկության վրա հիմնված միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու կարիք ունեն։
Առաջնահերթությունը տալով առավել տարածված հիվանդություններին եւ վիճակներին` առաջընթաց է ապահովվել հատկապես սրտաբանության, անզգայացման եւ ինտենսիվ թերապիայի, ուռուցքաբանության, գինեկոլոգիայի եւ մանկաբարձության, մանկական ուրոլոգիայի, մանկական օնկոհեմատոլոգիայի ոլորտներում։ Գլխավոր մասնագետների աշխատանքային խմբերը ծավալուն աշխատանք են իրականացրել գերակա այս ուղղություններում նորմատիվային փաստաթղթերի մշակման եւ ներդրման նպատակով։ 35 կլինիկական մասնագիտությունների ուղղությամբ արդեն իսկ թարգմանված 80 կլինիկական ուղեցույցներից եւ գործելակարգերից ներկայումս տեղայնացվում է 15-ը։
Առանձին մասնագիտությունների ուղղությամբ, մասնավորապես` ճառագայթաբանական ախտորոշման եւ ռեւմատոլոգիայի, գործընթացում ընդգրկվել են նաեւ մասնագիտական ասոցիացիաները։
Հանձնաժողովը, որը ղեկավարում է «Վարդանանց» ՆԲԿ-ի տնօրեն եւ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման ծառայության գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը, պարտավորվել է առաջին փուլում` մինչեւ 2017 թվականի հոկտեմբեր, ավարտին հասցնել բժշկական 200 ուղեցույցի եւ պացիենտի վարման 100 գործելակարգի մշակումը։ Մինչեւ համակարգում ներդրվելը դրանք կքննարկվեն մասնագիտական ասոցիացիաներում, կանցնեն լեզվական եւ իրավաբանական փորձաքննություն։
Նշենք, որ սա մշտական գործընթաց է, քանի որ բժշկագիտության զարգացմանը զուգընթաց այդ փաստաթղթերը պարբերաբար թարմացվում են։






