Նյու Յորքում վիրաբույժները սիամական երկվորյակներին բաժանելու ծայրահեղ վտանգավոր վիրահատություն են արել։ 11-ամսական Բելլանի եւ Բալլենի Կամախոները ծնվել էին սրբոսկրի շրջանում միմյանց սերտաճած։

Վիրահատությունը տեւել է 22 ժամ, որի ընթացքում աշխատել են նյարդավիրաբույժներ, պլաստիկ վիրաբույժներ, ուրոլոգներ, մանկաբույժներ, գաստրոէնտերոլոգներ, օրթոպեդներ եւ շատ ուրիշներ։ Բելլանին եւ Բալլենին ընդհանուր աղեստամոքսային տրակտ, միզապարկ, սեռական օրգաններ եւ ողնաշարից մի հատված են ունեցել։ Երեխաների  մահանալու հավանականությունը բարձր է եղել՝ մոտ 23 տոկոս, ընդ որում, աղջիկներից մեկը՝ Բալլենին, որն ավելի փոքր է, նաեւ սրտի բնածին արատ է ունեցել։

Երկվորյակները ծնվել էին 2016-ի փետրվարին կեսարյան հատմամբ։ Լորիլինը գիտեր, որ զույգ երեխաների է սպասում, սակայն չէր կասկածում, որ դրանք պիգոպագ աղջիկներ են լինելու։ Դոմինիկյան Հանրապետության բժիշկները զգուշացրել էին, որ ավելի թույլ Բալլենին կարող է մահանալ։

2016-ի ամռանը ծնողները դուստրերի հետ մեկնել էին Նյու Յորք, եւ աղջիկներին սկսել էին պատրաստել վիրահատության։ Երեխաները մի քանի նախնական վիրահատություն էին տարել դեռեւս նախքան բաժանումը՝ աղեստամոքսային տրակտի վիրահատություններ եւ պլաստիկ վիրաբույժների աշխատանքը թեթեւացնող վերականգնողական վիրահատություններ։ Անհրաժեշտ էր «ձգել» մաշկը, որպեսզի բաժանումից հետո այն հերիքեր 2 աղջիկների համար։

Վիրահատությունը սկսվել էր հունվարի 17-ի առավոտյան եւ շարունակվել էր մինչեւ հաջորդ օրվա առավոտը։ Սկզբում բժիշկները բաժանել են աղեստամոքսային տրակտը, որը վիրահատության առավել դժվար մասն էր, քանի որ աղջիկներն ընդհանուր ենթաորովայնային զարկերակ ունեին, եւ որպեսզի երեխաների ստորին կեսերը արյան մատակարարման խնդիրներ չունենային, անոթը պետք էր նույնպես 2 մասի բաժանել։  Հաջորդ քայլը ողնաշարի բաժանումն էր, հետո փափուկ հյուսվածքների։ Այդ ժամանակ պլաստիկ վիրաբույժները պատրաստում էին մաշկը, որն անհրաժեշտ էր վերքերը փակելու համար։ Վերջին փուլում վիրաբույժները բաժանել են միզուղիները։

Երկվորյակներին վիրահատած թիմը մի քանի ամիս պատրաստվել էր։ Վիրաբույժներն աշխատել էին երկվորյակների ստորին մասերի եռաչափ մոդելների հետ։ Դրա շնորհիվ երկու աղջիկների համար դրական կանխատեսումներ են անում։ Հունվարի 30-ին նրանց ինտենսիվ թերապիայի բաժանմունքից կտեղափոխեն սովորական պալատ։ Վերականգնողական շրջանը կարող է տեւել մի քանի շաբաթ։

Նշենք, որ նման սիամական երկվորյակները կոչվում են պիգոպագ, եւ նրանց ծնվելու հավանականությունը շատ քիչ է՝  բոլոր սիամական երկվորյակների 17 տոկոսը, իսկ սիամական երկվորյակները ծնվում են 200 000 դեպքերից մեկի դեպքում։ Երկվորյակների ծնողները՝ Լորիլին Սելադիլլա Մարտեն եւ Մարինո Աբել Կամախոն եւս 2 դուստր ունեն՝ 10-ամյա Շեյլին եւ 2-ամյա Լինա Բելը։