Հայասատանի կառավարությունը այսօր, հունվարի 26–ին, որոշում է կայացրել միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման եւ սերվերային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնելու կապակցությամբ։
Կարեւորելով էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը՝ գործադիրի ղեկավարը ՀՀ առողջապության նախարար Լեւոն Ալթունյանից հետաքրքրվել է, թե արդյոք այդ համակարգի կիրառումը կնպաստի ծախսերի կրճատմանը: Նախարարը պատասխանել է, որ համակարգի ներդրման արդյունքում անպայման կլինի ծախսերի կրճատում, քանի որ այն ծառայելու է որպես պետպատվերի վերահսկման գործիք: Կարեն Կարապետյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել եւ անցկացնել համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթը եւ ապահովել համապատասխան իրազեկումը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հիմնավորման համաձայն՝ համակարգի ծրագրային ապահովման մշակումը, սերվերային ենթակառուցվածքի նախագծումը, մատակարարումն ու տեղադրումը, ինչպես նաեւ ՀՀ տարածքում գործող 6 բուժհաստատություններում պիլոտային փորձարկումն իրականացվել է 2014-2015թթ. ընթացքում՝ Համաշխարհային բանկի պետական հատվածի բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակում: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է համակարգի ամբողջական ներդրումը ՀՀ բոլոր բուժհաստատություններում իրականացնել 2017 թվականին:
Որոշմամբ առաջարկվում է հայտարարել մրցույթ, որի ընթացքում հաղթող ճանաչված կազմակերպությանը կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պայմաններով կապահովի համակարգի տեխնիկական սպասարկումն ու շահագործումն, ինչպես նաեւ պատասխանատու կլինի համակարգի հետագա բարելավման եւ վերազինման համար:
Որոշմամբ հաստատվել է նաեւ բժշկական օգնություն, սպասարկում եւ դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված սուբյեկտներում համակարգի ներդրման ժամանակացույցը:






