«Դեղերի մասին» ՀՀ օրենքի  նախագիծն այսօր ՀՀ կառավարության հաստատման փուլում է։ Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի «Լիցենզավորման մասին», «Գովազդի մասին» եւ գործող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով։ Այս մասին առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ ասաց  նախարար Դերենիկ Դումանյանը, տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

«Մանրամասն քննարկումների արդյունքում դրանում ամրագրված դրույթներով արտացոլված են դեղերի կենսաշրջանառության ողջ շղթայում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները` որակյալ եւ անվտանգ դեղերով բնակչության ապահովում, դրանց ֆիզիկական եւ տնտեսական մատչելիություն, ապահովման սոցիալական արդարության սկզբունքներ, դեղերի տեղական արտադրության խթանում»,- ասաց նա։

Այս ընթացքում պարզեցվել են դեղերի գրանցման եւ վերագրանցման ընթացակարգերը։ Լուրջ ձեռբերումներ են արձանագրվել պետության կարիքների համար դեղերի գնման գործընթացում։ Դեղագործական ոլորտում եւս դրական արդյունքներ կան։ Դեղ արտադրող հայկական կազմակերպություններից մեկն անցած տարի արտադրության բարձր որակ ապահովող պատշաճ արտադրական գործունեության (GMP) հավաստագրի արժանացավ, իսկ երկրորդ կենտրոնն արդեն նման հայտ է ներկայացրել։ Ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչություն, որը վերահսկողական գործառույթներ է իրականացնելու նաեւ դեղերի շրջանառության ոլորտում:

Այս ոլորտում նախարարությունը հաջողությամբ համագործակցում է ՀՀ դեղ արտադրողների եւ ներմուծողների միության հետ։ Նախորդ կոլեգիաներից մեկում հավանության արժանացավ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի կողմից ներկայացված Հայաստանի դեղագործական ոլորտի մարկետինգային գործունեության կանոնագրքի նախագիծը։ Այս անգամ կոլեգիայի քննարկմանը ներկայացվեցին դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի հակակոռուպցիոն ծրագրի հիմնական դրույթները։

ՀՀ դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախագահը նախ նշեց, որ ԱՊՀ երկրների համեմատ Հայաստանում դեղի շուկայում առավել բարվոք վիճակ է թե՛ կեղծ դեղերի առկայության, թե՛ վերահսկողության առումով։ Եվ նման ծրագիր մշակելու շարժառիթը ոլորտի կարեւորությունն ընդգծելն ու աշխարհում կենսաահաբեկչության վտանգի պայմաններում դեղի շրջանառության բոլոր օղակներում առավել քաղաքակիրթ կանոնների սահմանումն է։  

Բանախոսն ընդգծեց, որ ծրագրի հիմնական նպատակը դեղերի ստվերային շրջանառության նվազեցումն է, որն էլ կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի մակարդակի իջեցմանը:

Քննարկման ընթացքում կոլեգիայի անդամներն անդրադարձան դեղի շրջանառության բոլոր օղակներին։ Ընդգծվեց, որ նոր օրենքի պահանջով կլիցենզավորվեն նաեւ դեղերի մեծածախ առեւտրով զբաղվողները, որով կլրացվի այդ ողջ շղթայի նկատմամբ պարտադիր պահանջ, պայմանների կիրառումը։ Կարեւորվեց նաեւ բժիշկ-դեղատուն փոխհարաբերություններում ստվերային երեւույթների բացառման մեխանիզմների ստեղծումը։ Դերենիկ Դումանյանն այս առումով  ներկաների ուշադրությունը հրավիրեց դեղատների վարկանիշավորման գաղափարի վրա` ընդգծելով, որ այն կարող է լուրջ խթան հանդիսանալ դեղատների առավել թափանցիկ գործունեության համար։ Նախարարը ՀՀ դեղ արտադրողների եւ ներմուծողների միությանն առաջարկեց համագործակցել նաեւ այդ նպատակով չափորոշիչներ մշակելու գործում։

Կոլեգիան հավանություն տվեց դեղերի ստվերային շրջանառության դեմ պայքարի հակակոռուպցիոն ծրագրի հիմնական դրույթներին։ Դերենիկ Դումանյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ընդգրկվել ներկայացված ծրագրի լրամշակման եւ կոնկրետ մեխանիզմների մշակման գործում։