«Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից եկած հիվանդին աբդոմինոպլաստիկա է կատարվել եւ դրական արդյունք է ստացվել: Դեպքի առանձնահատկությունն այն է, որ վիրահատությունը կատարվել է տարեց (77 տարեկան) տղամարդու: Մինչդեռ աբդոմինոպլաստիկան, որպես կանոն, երիտասարդ հիվանդներին է կատարվում: Տղամարդը նախկին երիտասարդությունը վերադարձնելու եւ առողջ կենսակերպ վարելու հնարավորություն է ստացել:

2015 թվականի հոկտեմբերին ԱՄՆ քաղաքացի, 77 տարեկան հայազգի Ա. Մ.-ն  դիմել է «Էրեբունի» ԲԿ՝ որովայնի առաջնային պատի կախ ընկնելու եւ շարժումներ կատարելիս անհարմարավետության բողոքներով: «Ինձ վերադարձրեք նախկին գեղեցկությունս եւ երիտասարդությունս»,- այսպիսի խնդրանքով է դիմել այցելուն:

Նախնական կլինիկա-լաբորատոր հետազոտություններից հետո նրան առաջարկվել է որովայնի առաջնային պատի պլաստիկա:

Պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանի ղեկավարությամբ եւ անեսթեզիոլոգ Արմեն Վարոսյանի մասնակցությամբ 2015-ի հոկտեմբերին հիվանդը ենթարկվել է աբդոմինոպլաստիկայի վիրահատության՝ հեռացվել է մաշկա-ճարպային «գոգնոցը», կատարվել է որովայնի ուղիղ մկանների երկակիացում:

Հետվիրահատական շրջանը հարթ է անցել, հիվանդը բավարար վիճակով դուրս է գրվել 4-րդ օրը:

Հիվանդն ԱՄՆ է վերադարձել եւ 2016-ի վերջին այցելել է հերթական կանխարգելիչ զննման: Մեկ տարի անց նա հիանալի ֆիզիկական վիճակում է եղել:

Աբդոմինոպլաստիկայի վիրահատությունն ուղղված է որովայնի առաջնային պատի ուրվագծերի վերականգնմանը: Սովորաբար այս վիրահատությունը կատարվում է կախ ընկած ճարպային «գոգնոցով», քաշի տոտալ կորստով կամ հետծննդյան կախված որովայնով հիվանդներին:

Հայաստանում պլաստիկ վիրահատությունը հասել է մեծ հաջողությունների:  «Էրեբունի» ԲԿ-ում  տվյալ վիրահատական ուղղությունը առաջարկում է ծառայությունների ամբողջական ցանկ  եւ հայտնի է բնակչության լայն շրջանակներում: Պլաստիկ վիրաբույժների պրոֆեսիոնալ ձեռքերի շնորհիվ մարդուն վերադարձվում  է գեղեցկությունը եւ երիտասարդությունը: