Զինվորականների եւ քաղաքացիական բժիշկներից կազմված հատուկ հանձնաժողովը վերջերս որոշում էր կայացրել զինվորական ծառայության ժամանակ վիրավորված 3 զինվորներին արտասահմանում բուժելու մասին։ Ի սկզբանե հանձնաժողովը դիտարկում էր 5 վիրավոր զինծառայողի գործ, սակայն արդյունքում որոշում է ընդունվել 2 զինծառայողի բուժումը դեռեւս շարունակել Հայաստանում։ Ապագայում, երբ հայ մասնագետները նրանց համար կանեն ամեն բան, ինչ իրեն ուժերի սահմաններում է, հանձնաժողովը նորից կքննարկի արտասահմանում նրանց բուժումը կազմակերպելու հարցը։ Այս մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։
ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը հայտնել էր, որ Մհեր Պետրոսյանը, որը գլխի շրջանում էր վիրավորումը ստացել, կմեկնի Գերմանիա` բուժումը շարունակելու: Աշոտ Գրիգորյանը, որի արմնկային հոդը բացակայում է ու պրոթեզավորման անհրաժեշտություն կա, հետազոտվել է ՌԴ-ում գործող կլինիկայում եւ առաջիկայում այնտեղ պրոթեզավորվելու է: Եվս մեկ զինծառայող աչքի վիարահատության է ենթարկվելու կրկին Ռուսաստանում։
Ինչ վերաբերում է մյուս 2 զինծառայողներին, ապա նրանց մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ նրանք վիրավորվել են զինվորական ծառայության ընթացքում, որոնց բուժումը, հանձնաժողովի մասնագետների կարծիքով կարելի է շարունակել այստեղ։






